Այլևս հնարավոր չէ գաղտնալսման համար նախատեսված սարքեր ներկրել Հայաստան. Վանեցյան

Այլևս հնարավոր չէ գաղտնալսման համար նախատեսված սարքեր ներկրել Հայաստան. Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, Panorama.am: «Այլևս հնարավոր չէ ՀՀ ներկրել գաղտնալսման համար նախատեսված սարքավորումներ։ Նման սարքերի ներկրումը օրենքով է արգելված, ու դրանք ներկրելու լիազորություններ ունեն միայն այն կառույցները, որոնք իրականացնում են օպերատիվ հետախուզական գործունեություն և թե մաքսային հսկողությունը, թե մեր կողմից իրականացվող հսկողությունը թույլ չի տա նման սարքերի ներկրումը Հայաստան»,- այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նա նշեց՝ այս պահին հստակ չի կարող պատասխանել՝ արդյոք նախկինում նման սարքավորումներ ներկրվե՞լ են Հայաստան, թե՞ ոչ. «Հավաստիացնում եմ, որ իրականացնում ենք բոլոր միջոցառումները։ Ունենք որոշակի տեղեկատվություն, որը ստուգման փուլում է ու, եթե կլինեն կոնկրետ արդյունքներ, անմիջապես կհրապարակենք»։

Ինչ վերաբերում է գաղտնալսման գործին՝ Վանեցյանն ասաց, որ գործով քննությունը շարունակվում է. «Փաստաթուղթ եմ ստորագրել նախաքննության գաղտնիքը չհայտնելու մասին։ Այդ առումով չեմ կարող որևէ բան ասել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում