Ապրիլին հիշելու և գնահատելու ավելի կարևոր օր կա. հերոսի մայրը՝ վարչապետին

Ապրիլին հիշելու և գնահատելու ավելի կարևոր օր կա. հերոսի մայրը՝ վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, Panorama.am: Կառավարության մարտի 21-ի նիստում որոշում ընդունվեց ապրիլի վերջին շաբաթ օրը նշել ՀՀ քաղաքացու օր: Դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրավիճակով:

Այս որոշումը միանշանակ չընդունվեց: Շատերն այն կարծիքին են, որ կարիք չկար նման օր սահմանել, եթե Հայաստանը լինի բարեկեցիկ, իրավական երկիր, որտեղ մարդն իսկապես իր հողի տերը զգա, նրա համար ամեն օրն էլ տոն կլինի:

Իրավաբանական գիտությունների թեկնածու, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապրիլ ամսին հիշելու, գնահատելու ու արժևորելու այլ օր ունենք. Ապրիլյան պատերազմի նահատակված և կենդանի հերոսների օրը։

Քաղաքացու օրը հատուկ նշելու կարիք չկա, քանի որ այն ամեն օր է, իսկ քաղաքացին մնում է քաղաքացի, քանի դեռ կա ՊԵՏՈՒԹՅՈՒՆ։

Ապրիլյան քառօրյայի մեր հերոսներն իրենց կյանքը տվեցին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ապրի, ապրի ազատ ու արժանապատիվ՝ գիտակցելով իր գոյության միակ երաշխավոր՝ Պետության առջև ստանձնած հանձնառությունն ու պարտավորությունը։

Հիմա սրա մասին խոսելը մոդայիկ չէ, քաղաքացին տոն է փնտրում, ինքն իրեն սիրում, գնահատում ու արժևորում»:

Որոշումը վրդովվեցրել է նաև ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին:

2016 թվականի ապրիլի 2-ին Ջաբրաիլում՝ 112-րդ մարտական դիրքում (Լելե-Թեփե) զոհված Ժորա Եսայանի մայրը ղեկավարներին հիշեցնում է՝ ապրիլին ավելի կարևոր օր կա, որը պետք է գնահատել:

«Ապրիլի վերջին օրը նշում եք որպես քաղաքացու օր, իսկ պարոնայք ղեկավարներ, արդեն 7 ամիս է խնդրել ենք, որպեսզի ապրիլին մեկ օր տրամադրեք մեր հերոս տղաներին՝ որպես հիշատակման օր: Չէ որ նրանց շնորհիվ այդ օրը կա և մենք կանք, արժան չգտա՞ք մի օր նվիրեք մեր որդիներին, այն տղաներին, որոնք իրենց կյանքի մնացած բոլոր օրերը նվիրեցին Ձեզ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ապրիլյանում զոհված հերոսի մայրը՝ Մարինե Հակոբյանը:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նա մանրամասնեց, որ 2018 թվականին ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամները հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և բարձրացրել են որոշ հարցրեր:

«Այսօր Եռաբլուր պանթեոնում հանգչում են ապրիլյանի հերոսներից ինը, իսկ մնացած տղաների շիրիմները տարբեր մարզերում են։ Վարչապետի հետ հանդիպման ժամանակ ասացինք, որ Եռաբլուրում տղաների նկարներով պաստառ տեղադրեն, քանի որ մարդիկ հիմնականում այցելում են Եռաբլուր և ուզում ենք, որ նրանք հիշեն և ճանաչեն ապրիլյան պատերազմում զոհված բոլոր հերոսներին»,– ասաց Մարինե Հակոբյանը:

Սակայն, ըստ նրա, մինչ օրս ոչ մի արձագանք չկա. «Եթե չեն անում, թող որոշում կայացնեն և ծնողներն իրենց միջոցներով այդ պաստատը կտեղադրեն»:

Մարինե Հակոբյանը նշեց, որ իրենք բարձրացրել են նաև ապրիլին տղաների հիշատակ օր սահմանելու հարցը: Մասնավորապես, առաջարկել են, որ ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում մեկ օր նշանակեն՝ որպես ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակի օր:

«Հիմա տեսնում եք, թե որն էր կարևորը»,-ցավով նշեց հերոսի մայրը՝ հավելելով, որ եթե այսպես շարունակվի, ապա տարիներ հետո մարդիկ կմոռանան իրենց զավակներին, որոնք ընկան՝ հայրենքի սահմանները պաշտպանելիս։

Նա նաև նկատեց, որ հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, ղեկավարները չհիշեցին տղաներին, ծննդյան օրերը ևս չեն հիշում և մտավախություն կա, որ ապրիլի 2-ին էլ կմոռանան և մեկ ծաղիկ անգամ չեն խոնարհի նրանց շիրիմներին:

«Այնպես չէր, որ նախկին իշխանությունների ժամանակ մեծ ուշադրություն կար, բայց հիմա ընդհանրապես չկա»,- ասաց Մարինե Հակոբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում