Yeni Şafak. Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար

Yeni Şafak. Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, Panorama.am: Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի վաճառքի պայմանագրի շրջանակներում նշյալ համակարգերը կառավարելու համար Ռուսաստանում վերապատրաստում է անցնելու Թուրքիայի ՊՆ-ի մասնագետների 100 հոգանոց խումբ: Էրմենիհաբերը ուշագրավ է համարում, այն որ թուրքական «Yeni şafak» իշխանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ մասնագետների խումբը Ռուսաստան մեկնելուց առաջ կմեկնի Ադրբեջան, որտեղ կուսումնասիրի այդ երկրի սպառազինության մեջ օգտագործվող ռուսական S-300 համակարգերը:

Աղբյուրը, տեղեկություններ է հաղորդել նաև Թուրքիային մատակարարվելիք S-400 համակարգերի ապագա տեղակայման վայրերի մասին: Ըստ այդմ՝ ռուսական S-400-ների մարտկոցներից մեկը նախնական տեղակայվելու է Անկարայից 35 կմ հեռավորության վրա գտնվող նախկինում Աքընջը կոչվող ռազմաբազայում, որը ռազմական հեղաշրջման փորձից հետո վերանվանվեց Մուրթեդ։

Իսկ երկրորդը մարտկոցը տեղակայվելու է Թուրքիայի հարավային, կամ հարավարևելյան սահմանամերձ շրջաններում։

Հիշեցնենք, որ Աքընջը ռազմաբազան 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ գրավվել էր ապստամբների կողմից։ Դրանից հետո շուրջ 8.000 քաղաքացի գրոհել էր ռազմաբազան՝ F-16 կործանիչները թռիչքը խոչընդոտելու համար: Միայն ռազմաբազայում սպանվել էր 7, իսկ շրջակայքում՝ 10 քաղաքացի, 59-ը վիրավորվել էր: Այս ռազմաբազայի ընտրությունը ռազմական առումով նպատակահարմարությունից զատ կարող է նաև խորհրդանշական նշանակություն ունենալ Թուրքիայի իշխանությունների համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում