Արցախում մտադիր են փոխել ընտրական օրենսգիրքը

Արցախում մտադիր են փոխել ընտրական օրենսգիրքը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, Times.am Արցախի Հանրապետության ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում լսել և քննարկել են Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի ներկայացրած՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Օրակարգային մյուս՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը ևս մշտական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել Արդարադատության նախարարը: Նախարարի փոխանցմամբ՝ առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել, որոշ խմբագրական շտկումներ են կատարվել: Հանձնաժողովը դրական դիրքորոշում է արտահայտել ներկայացված բոլոր նախագծերի վերաբերյալ:

Ըստ աղբյուրի, հաջորդիվ պատգամավորները քննարկել են Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանի առաջարկած՝ «Ներման մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, որը ևս պետական-իրավական հանձնաժողովի դրական եզրակացությանն է արժանացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում