«Պայքարելու ենք, որ մեր երեխաները հետ գան իրենց զորամաս»

«Պայքարելու ենք, որ մեր երեխաները հետ գան իրենց զորամաս»

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, Panorama.am: Այսօր կառավարության շենքի մոտ հավաքվել էին Մեղրիի զորամասերից մեկում ծառայող մի խումբ զինվորների ծնողներ՝ պահանջելով հանդիպում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։

Ակցիայից մասնակից մայրերից մեկը պատմեց. «Զինվորները լքել են զորամասը ոմն Գասպարյանի պատճառով։ Մի զինվոր մոտեցել է վաշտը փոխելու խնդրանքով, վիճել են այդ զինվորի հետ, ամբողջ գունդը ոտքի է կանգնել, որովհետև շուտվա ծառայողների էլ է կպել։ Ամբողջ գունդը լքել է զորամասը, մի զինվոր չի մնացել։ Զորամասից մի փոքր այն կողմ հրամանատարը համոզել է և հետ է կանչել։ Հետ են եկել, էլի Գասպարյան կոչեցյալը կանգնեցրել է շարքով, 30 հոգու համազգեստ է ճղել, ընտրել է 20 հոգու, հավաքել է հեռախոսները, գիշերով նստացրել է ավտոբուսներն ու ուղարկել ուղիղ Ղափանի զորամաս։ Մենք 5 օր հետո իմանում ենք, որ մեր մի մասի երեխեքը գտնվում են Ստեփանակերտի ռազմականում»։

Նա նշեց, որ այս ամենը պարզել են մյուս զինծառայողներից, իրենց որևէ մեկը տեղեկություն չի տվել։ Դեպքը տեղի է ունեցել մարտի 17-ի գիշերը։

Մայրերի խոսքով, իրենք երեխաները վիճակահանությամբ Մեղրի են ընկել. «Եթե Մեղրի են ընկել, ինչո՞ւ պետք է, իրենց ասելով, պատիժը կրեն Ստեփանակերտի ռազմականում։ Թող կրեն Հայաստանում»։

«Ես և մյուս ծնողը երեկ խոսել ենք հրամանատար Ռոմիկ Սարգսյանի հետ։ Նա շնորհք չուներ, որ մեզ հետ երկու բառ զրուցեր, թե ինչու տեղյակ չի պահել, թե մեր երեխաները որտեղ են գտնվում։ Հեռախոսն աջատել է՝ ասելով, թե դիմեք որտեղ ուզում եք, համապատասխան մարմիններին։ Դիմում ենք ու մինչև վերջ կդիմենք։ Պայքարելու ենք, որ մեր երեխաները հետ գան իրենց զորամաս»։

Զինծառայողի մոր խոսքով, իրենց ունեցած տեղեկատվության համաձայն, հետ բերելու հույս չկա, ուղարկելու են առաջնագիծ։

«Իմ երեխան մինուճար է, իմ ժառանգորդն է, ինչու պետք է ծառայի Ղարաբաղում։ Թող վիճականահանությամբ ընկներ Ղարաբաղ, մենք կհամակերպվեինք, մենք չենք զլանում Ղարաբաղում ծառայությունից։ Բայց ինչու ինքը վիճականահությամբ ընկել է Մեղրի, մեկ տարի երկու ամիս ծառայում է, ոմն Գասպարյանի համար լքի զորամասը գնա Մատաղիս, ինչո՞ւ համար»,- նշեց զինծառայողի մայրը։

Հավաքված ծնողները խնդրում, պահանջում են հանդիպում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, որպեսզի գա և իերնց հարցին լուծում տա։

«Եթե բոլորն են լքել զորամասը, ինչո՞ւ բոլորը չեն պատժվում, ինչո՞ւ պետք է ամբողջից ընտրեն 15-20 հոգու»,-ասաց զինծառայողի մայրը։

Ծնողները նամակ գրեցին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին, կառավարության շենքի մոտից ուղևորվեցին պաշտպանության նախարարություն։

Այս դեպքի հետ կապված պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում էր ներկայացրել՝ մասնավորապես նշելով. «ՀՀ ԶՈւ-երում կարգազնացությունները և անհնազանդությունները անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Նշված դեպքի կապակցությամբ, որը այնքան էլ ճիշտ չի ներկայացվել մամուլում, զորամասի վերադաս հրամանատարության կողմից անցկացվել է համապատասխան ծառայողական քննություն և որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին: Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում