«Իրականությունից անտեղյակ «խորհրդատուների» հորինվածքներին պետք է վերաբերվել համբերատարությամբ». Լևոն Մնացականյան

«Իրականությունից անտեղյակ «խորհրդատուների» հորինվածքներին պետք է վերաբերվել համբերատարությամբ». Լևոն Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, 168.am: Լրատվամիջոցներից մեկում ՀՀ պաշտպանության նախարարի ներկայիս խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմին՝ որոշ հայտարարություններ էր արել, որոնց կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցինք Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, այժմ՝ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանից։

– Պարոն Մնացականյան, շուտով կլրանա Ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարեդարձը: Տարիներ հետո էլ Ապրիլյան պատերազմի հետ կապված իրարամերժ մեկնաբանություններ են հայտնվում լրատվամիջոցներում: Մասնավորապես, երեկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ՀՀ ՊՆ խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն անդրադառնալով այդ դեպքերին՝ նշել է. «…Ապրիլյան քառօրյայից 6 ամիս, այնուհետև 3 ամիս, ավելին՝ 1 օր առաջ հետախուզությունը նախազգուշացրել ու տեղեկացրել էր թշնամու քայլերի մասին: Ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը հետախուզությունը դարձյալ տեղեկացրել էր Պաշտպանության բանակի ղեկավարությանն ու Արցախի Հանրապետության նախագահին, որն էլ ապրիլի 1-ին՝ գիշերը ժամը 12:00-ին, հրավիրել էր Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու հետախուզության հաղորդածը: Մինչդեռ սահմանափակվել են մասնակի հանձնարարականներով՝ կարևոր ու էական նշանակություն չտալով հետախուզության տեղեկատվությանը: Այդ մասին ապրիլի 7-ին, այնուհետև՝ ապրիլի 9-ին Արցախի նախագահն ու Պաշտպանության նախարարը ԶԼՄ-ներին պարզաբանում են տվել: Հետևաբար, հանրությանը ապակողմնորոշել ու ասել, թե հետախուզությունն ապրիլին ձախողել է, դա բացահայտ սուտ է և բացարձակ դիտավորություն…»։ Ծանո՞թ եք այս տեքստին, հայտարարություններին:

– Իհարկե, ծանոթ եմ:

– Եվ ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Անկեղծ ասած՝ ես արդեն չեմ զարմանում բոլոր այն տարօրինակ մեկնաբանությունների հեղինակներից, որոնք ոչ միայն անտեղյակ են տվյալ օրերի դեպքերի զարգացման իրական ընթացքից, այլև անզոր են գիտակցելու, որ ամեն մի երևակայություն արժանի է ուշադրության, եթե այն չափի մեջ է: Սակայն առավել քան ցավալի է, երբ նման մեկնաբանությամբ հանդես է գալիս հանրապետության պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնատար անձը, տվյալ դեպքում՝ Պաշտպանության նախարարի խորհրդականը: Երկար տարիների զինվորական իմ կենսագրությունն ու ռազմական գաղտնիքի պահպանման հանդեպ ունեցած պատասխանատվության զգացումն ինձ հուշում են լինել հավասարակշռված և իրականությունից անտեղյակ «խորհրդատուների» հորինվածքներին վերաբերվել համբերատարությամբ: Կարծես թե ոմանց համար հեշտ է լինել խորհրդատու և, «անհրաժեշտության դեպքում», հանդես գալ ինչ-որ մեկի չարածն արածի տեղ ներկայացնողի դերում:

Երևի թե ճիշտ կլինի միտքս ավարտեմ հենց նույն այդ գեներալի մեկնաբանությունների մեջ տեղ գտած իր իսկ կողմից արտաբերված հետևյալ բառերով. «…պետք է խնդրեմ, հորդորեմ որոշ փաստաբանների…, որպեսզի նրանք չափազանց զգուշավոր լինեն իրենց հայտարարություններում, մանավանդ այնպիսի ոլորտների հետ կապված, որտեղ իրենք մասնագիտական առումով՝ բոբիկ են և թյուր պատկերացում ունեն տվյալ ոլորտի գործառույթներից, մասնավորաբար, հետախուզությունից: Խորհուրդ կտամ չմտնել այս դաշտը, այլապես կխայտառակվեն՝ ի ցույց դնելով իրենց անգրագիտությունը և սիրողական մակարդակը…»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում