Տ. Աբրահամյան. «Աննախադեպ հանգիստ» որակումն այլևս անցյալում է

Տ. Աբրահամյան. «Աննախադեպ հանգիստ» որակումն այլևս անցյալում է

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Times.am: Մեր թղթակցի հարցերին է պատասխանում Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

Պարոն Աբրահամյան, վերջին օրերին պատգամավորների նախաձեռնությամբ քննարկման դրվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Պատգամավորներն առաջարկում են, որ զինվորական ծառայության մեկ տարին չլրացած պարտադիր ժամկետային զինծառայողները չիրականացնեն մարտական հերթապահություն: Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը:

Եթե խնդիրը նրանում է, որ ժամկետային զինծառայողները պետք է անհրաժեշտ պատրաստությունը լիարժեք ստանան 1 տարվա ընթացքում, ապա նշեմ, որ իմ կարծիքով, ժամկետային զինծառայողները 6 ամսյա հատուկ ուսումնական կուրսից հետո բոլոր առումներով պատրաստ են լինում մարտական հերթապահության կրման:

Մյուս կողմից, այս ճանապարհով գնալու համար պետք է համալրենք պայմանագրային կազմը, սակայն այս փուլում, ներկայիս պայմաններում, դա բավականին բարդ առաջադրանք կլինի:

Ամեն դեպքում կարծում եմ՝ պետք է քննարկումները շարունակել, որովհետև պաշտպանության նախարարի՝ այդ թեմայով հնչեցված մեկնաբանություններից պարզ է դառնում, որ այս պահին նաև այլ սխեմաներ են քննարկվում:

Պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ ՊՆ-ում քննարկվում է մարտական հերթապահության մեջ ընդգրկված ժամկետային զինծառայողների պարտադիր ծառայության 24-ամսյա ժամկետը կրճատելու, իսկ մարտական հերթապահությանը չընդգրկված զինծառայողների պարտադիր ծառայության ժամկետն ավելացնելու հնարավորության հարցը:

Գիտեք, այս հարցադրումները լրջագույն քննարկումների խնդիր ունեն, նաև հանրային քննարկումների: ՊՆ-ում իրականացվող քննարկումների մանրամասներին չեմ տիրապետում, բայց մեծ թվով հարցեր կան, որոնց պատասխանները դեռ չունեմ և չեմ ցանկանում գնահատականներ հնչեցնել:

Մի բան ակնհայտ է, որ այս առաջարկները պետք է մեծ՝ ընդհանուր փաթեթով քննարկել, հաշվարկել բոլոր ռիսկերը, հատկապես այս ուղղությամբ սխալվելու իրավունք չունենք:

Կառավարության քննարկումների ժամանակ հղում կատարվեց նաև «Ես եմ» ծրագրին, ի դեպ այս, ինչպես նաև՝ «Պատիվ ունեմ» ծրագրերն արդեն կյանքի են կոչվել, ինչպիսին է՞ դրանց արդյոնավետությունը:

«Ես եմ» ծրագիրը մասնակից զինծառայողների համար միանշանակ շահավետ է: Ծառայության բերումով բոլոր փուլերում հանդիպումներ եմ ունենում այս ծրագրով ծառայող զինծառայողների հետ: Ընթացքում հրաժարվողների թիվը շատ քիչ է, այն էլ՝ հիմնականում անձնական, ընտանեկան պատճառներով: Այս ծրագրով զորակոչված զինծառայողներ կան, ովքեր արդեն 10-12 անգամ՝ 7 օրով արձակուրդ են գնացել, կարծում եմ՝ գոհ են:

Ուրիշ հարց է, որ զորամասային մակարդակում որոշակի կազմակերպչական հարցեր է առաջացնում, ժամանակի ընթացքում դա էլ կարծում եմ կկարգավորվի:

Այս ծրագրի արդյունավետությունը պետք է դիտարկել նաև այլ հարթության մեջ, միգուցե արժե նաև խորքային ուսումնասիրություն սկսել այն իմաստով, թե արդյո՞ք նպատակահարմար չէ այս ծրագրի վրա դրվող գումարներն ուղղել պայմանագրային կազմի աշխատավարձերի բարձրացմանն ու ըստ այդմ՝ դրանով պայմանագրային կազմի ավելացմանը: Կարծում եմ՝ սա էլ պետք է ընդհանուր փաթեթում քննարկման օրակարգում լինի:

«Պատիվ ունեմ» ծրագրի հետ կապված պետք է նշեմ, որ հայտեր ներկայացրած ուսանողների հարցում պետք է խիստ ընտրություն իրականացնել: Պետք է հաշվի առնել, թե այդ ծրագրի հայտ ներկայացրած քաղաքացին, առաջին հերթին, արդյո՞ք հրամանատարական ձիրք ունի: Մի շարք գործոններ կան, որոնք պետք է պատշաճ դիտարկվեն, չէ որ նրանք մեր ապագա սպաներն են, որոնց վրա ծառայության ժամանակ բավականին մեծ պատասխանատվություն է դրված:

Եվ վերջին հարցը, ինչպիսին է՞ իրավիճակն առաջնագծում: Վերջին շրջանում անընդհատ հայտարարվում է, որ աննախադեպ հանգիստ է:

2018 թվականի վերջին բավականին հանգիստ էր, սակայն տարեսկզբից «աննախադեպ հանգիստ» որակումը կարծում եմ այլևս տեղին չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում