Գևորգ Պետրոսյան. Խորհրդարա՞նն է վերահսկում է կառավարությունը, թե՞ հակառակն է

Գևորգ Պետրոսյան. Խորհրդարա՞նն է վերահսկում է կառավարությունը, թե՞ հակառակն է

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Panorama.am: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորների՝ Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծին գլխադասաային հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել։

Գևորգ Պետրոսյանը մանրամասնեց, առաջարկվող փոփոխություններից մեկն էլ վերաբերում է դասախոս պատգամավորներին։

«Անժամկետ պայմանագիր ունեցող դասախոսը, երբ ընտրվում է պատգամավոր, բուհի ղեկավարությունը պայմանագիրը դարձնում է ժամանակավոր։ Կոպիտ ասած, աշխատողի պոչը դնում է գործատուի ոտքի տակ»,- ասաց պատգամավորը՝ առաջարկելով քննարկել նախագիծը, եթե նույնիսկ չեն քվեարկելու։

Օրենսդիր մարմնի ներկայացուցչի խոսքով, տպավորություն է, որ նախագծին կառավարությունը բացասական եզրակացություն է տալիս, ԱԺ-ում էլ ստիպված են դրան հետևել։

«Հիմա ի՞նչ է, խորհրդարանը խորհրդարանական վերահսկողություն է իրականացնում կառավարության նկատմամբ, թե՞ կառավարությունը կառավարական վերահսկողություն է իրականացնում խորհրդարանի նկատմամբ։ Խնդրում եմ, գոնե էս տպավորությունը ցրելու համար, ԱԺ-ն համաձայնություն տա այս հարցը քննարկել», -ասաց պատգամավորը։

Գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանը հայտարարեց, բացասական եզրակացություն են տվել, ոչ թե կաշկանդված լինելով, այլ՝ մասնագիտական եզրակացություն ունենալով։ Նա փոփոխությունը որակեց խտրական։

«Առաջարկվող կարգավորումը խտրական է, մեր կարծիքով։ Աշխատանքային հարաբերություններից դուրս ունեցած կարգավիճակով պայմանավորված տարանջատում է աշխատողներին։ Մենք կարծում ենք, որ գործ ունենք կրկնակի խտրականության հետ, քանի որ կա խտրականություն է հանրային ծառայող կատեգորիաների միջև։

Առաջարկվող նախագիծը տարածվում է միայն քաղաքական ընտրովի պաշտոնների վրա, որը հանրային ծառայողների երեք տարատեսակներից ընդամենը մեկն է։ Այդ դեպքում ի՞նչ տրամաբանությամբ, օրինակ, դիվանագիտական ծառայության մեջ գտնվող կամ վարչական և հայեցողական պաշտոն զբաղեցնող անձը չի կարող խնդրել կամ որոշել իր աշխատանքային պայմանագրի ժամկետը»,- ասաց Տիգրանյանը։

Պետրոսյանը նկատեց, եթե «մասնագիտական հակաճառությունը» հիմնավոր էր, ինչո՞ւ որևէ մեկը չընդունեց իր արած հրապարակային բանավեճի առաջարկը։

«Խնդրում եմ, եզրույթներն օգտագործելիս լինել հաշվենկատ, որովհետև մեզ մեղադրեցիք կրկնակի խտրականություն պարունակող օրենսդրական նախաձեռնություն բերելու մեջ։ Խնդրում եմ, կարդացեղ ՄԻԵԴ վճիռները խտրականություն եզրույթի մասին, նոր այդպես շռայլաբար օգտագործեք մեր նկատմամբ»,- բարկացավ Պետրոսյանը։

Քվեարկության արդյունքում Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու վերաբերյալ ԲՀԿ-ականների ներկայացրած օրինագիծը չընդգրկվեց օրակարգում՝ 39 կողմ, 68 դեմ արդյունքներով։

Մյուս օրինագիծը ևս չընդգրկվեց օրակարգում՝ 41 կողմ, 75 դեմ արդյունքներով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում