ԱԺ պատգամավորը սոցապ փոխնախարարին հորդորեց քաղաքական հասունություն ցուցաբերել (Տեսանյութ)

ԱԺ պատգամավորը սոցապ փոխնախարարին հորդորեց քաղաքական հասունություն ցուցաբերել (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Aysor.am: Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին վրդովեցրին աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանի հայտարարությունները, և նա ստիպված էր ներողություն խնդրել դրա համար։

Փոխնախարարը խորհրդարանում ներկայացնում էր Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով կառավարությունն առաջարկում է նվազագույն կենսաթոշակ սահմանել 25 500 դրամը։ Այսինքն՝ դրանից ցածր կենսաթոշակ երկրում չի կարող լինել։ Փոխնախարարը տեղեկացրեց, որ այս նախաձեռնությունը պետական բյուջեի վրա արժենալու է լրացուցիչ 800 մլն դրամ ծախս։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հիշեցրեց՝ 2023-ին կառավարությունը ծրագրում է վերացնել Հայաստանում ծայրահեղ աղքատությունը և հետաքրքրվեց՝ սա հարցի ո՞ր տոկոսն է լուծում։

«Հնարավոր չէ՞ր եթե գնում ենք տնտեսական հեղափոխության ու սպասում ենք ՀՆԱ-ի աճի, ապա 0.1 տոկոսն ի՞նչ էր իրենից ներկայացնում, որ չենք դնում ու կտրուկ բարձրացնում՝ 32 հազար դրամ, այսինքն՝ ավելի արագ առաջ գնանք», – հետաքրքրվեց պատգամավորը։

Փոխնախարարն ի պատասխան ասաց, որ քննարկելու հարց է՝ բարձրացնել կենսաթոշակների չա՞փը, թե վերանորոգել միջհամայնքային որևէ ճանապարհ։

«Թերևս քննարկվի ու հասկացվի՝ արդյոք նպատակահարմար է Իջևանի շրջանի որևէ ճանապարհահատված վերանորոգե՞լ, թե՞ կենսաթոշակառուների թոշակների չափերը բարձրացնել», – հավելեց փոխնախարարը։

Փոխնախարարի պատասխանը ակնհայտորեն վրդովեցրեց պատգամավորին, և Մելքումյանը հորդորեց քաղաքական հասունություն ցուցաբերել։ «Սոցիալական հարցերը երբեք մի հակադրեք արտադրական բնույթի հարցերին։ Իսկ ո՞վ է ասել, որ ՀՆԱ-ի 0.1 տոկոս աճը ուղղել կենսաթոշակներին, նշանակում է Իջևանում կամ ինչ-որ այլ տեղ ճանապարհ չկառուցել։ Քաղաքական հասունություն պետք է ունենալ, որ մեկը մյուսին չհակադրել», – արձագանքեց Մելքումյանը։

Փոխնախարարը ներողություն խնդրեց նման տպավորություն ստեղծելու համար և նշեց, որ իր նպատակը հակադրելը չէր. «Վստահեցնում եմ, որ, ենթադրենք, ևս 12 մլն դրամ կենսաթոշակային համակարգի վրա դնելը լուրջ առաջընթաց չի արձանագրելու»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում