Մանվել Գրիգորյանի փաստաբան. Խախտումները քրոնիկ են դարձել

Մանվել Գրիգորյանի փաստաբան. Խախտումները քրոնիկ են դարձել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, Panorama.am: «Պետական լիազոր մարմինների անգործության կամ անօրինական գործառույթների շնորհիվ տուժում է ոչ միայն երկրի քաղաքացին կամ տվյալ իրավաբանական անձը, այլ դրանից բխող իրավական հետևանքները կարող են լինել կործանարար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բադղասարյանը։

Նրա խոսքով, եթե պետական տվյալ օղակներն իրենց տեղում լինեին, այսօր չէր խոսվի դատարանների ծանրաբեռնվածության մասին։

«Ցավոք, քրոնիկ են դարձել այս խախտումները»,- ընդգծեց փաստաբանը։

Լ. Բաղդասարյանը խոսեց նաև ընտրովի արդարադատության, խտրականության մասին. «Համաներումը ոչ միայն քաղաքական, նաև իրավական ակտ է։ Նման դեպքում կամ համաներում չպետք է անել, կամ անելուց հավասար կարողանան իրացնել։ Համաներման ակտի մեջ անցան «Սասնա ծռերը», չանցավ «Նորք Մարաշի» խումբը, այն դեպքում, երբ «Նոր Մարաշում» սպանության հետ կապված ոչ մի խնդիր չկա, հնարածին քրեական գործ է, որը, կարծում եմ, ապագա չունի»։

Ընտրովի արդարադատության հետ կապված՝ փաստաբանը հղում արեց նաև Մանվել Գրիգորյանի գործին։

«Մեկ ամիս ազատության մեջ մնալուց հետո եղավ փողոցային և ընտրովի արդարադատություն, վերջինիս տարան կալանավայր։ Որպեսզի նրան կարողանային տանեին կալանավայր, անհրաժեշտ էր ստեղծել մի փաստաթուղթ, որով պետք է երևար, որ իր հիվանդությունները համարժեք են, որ գնտվի կալանավայրում։

Ինչ արեց պետությունը։ Վարույթն իրականացնող մարմնը ստեղծեց միջգերատեսչական հանձնաժողով, որը տվեց կրավորական եզրակացություն, որ ունի բազմաթիվ ծանր հիվանդություններ, բայց կյանքին վտանգ չի սպառանում, կարող է գտնվել կալանքի տակ, բայց կարող է նաև կյանքին վտանգ սպառնա։ Զավեշտը կայանում է նրան, որ փաստաթղթի տակ ստորագրեց առողջապահության փոխնախարարը, որը վարչապետի 2018 թ. դեկտեմբերի 25-ի կամ 26-ի հրամանով արդեն փոխնախարար չէր, ստորագրում է հաջորդ տարի հունվարին։ Դա բարձրաձայնում է իրավապաշտպանը, լուսաբանում է չորրորդ իշխանությունը, բացարձակ ոչ մեկին չի հետաքրքրում»,- ասաց փաստաբանը։

Լ. Բադդասարյանի խոսքով, այստեղ խնդիրը ոչ թե տվյալ անձի հետ կապված խախտումն է, այլ խախտումը, որը դառնում է ձեռագիր, սովորական պետական լիազոր մարմնի պաշտոնյանի կողմից։

«Որպեսզի երկրում կարողանանք ունենալ արժանապատիվ քաղաքացի, երկրում ապրենք նորմալ, ոչ միայն երկրի քաղաքացին պետք է լինի օրինապաշտ, գլխավոր պլան պետք է մղել պետական լիազոր մարմինների իրավաչափ, օրինաչափ գործառույթները»,– ասաց Լ. Բաղդասարյանը։

Փաստաբանի ասուլիսից մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում