Տեղումները ծիրանին վնաս են

Տեղումները ծիրանին վնաս են

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Հանրապետության տարածքում մի քանի օր է, ինչ տեղումները չեն դադարում։ ԱԻ նախարարության կանխատեսումների համաձայն, ցիկլոնը դեռ կակտիվանա։

Գյուղացիները սրտնեղած են, ծառերը ծաղկել են, անձրևների պատճառով փոշոտում չի լինի, ծիրանն էլ քիչ կլինի։ Գյուղատնտեսության նախարարությունում ավելի լավատես են։ Հույս ունեն, տեղումների հետևանքով բերքը չի տուժի։

Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, տեղումներն ավելի շատ ուրախացնում են, քան մտահոգում, դրանց շնորհիվ ջրամբարներում ջուր կկուտակվի։

«Գյուղատնտեսական տարին մոտ երկու շաբաթով այս տարի առաջ է։ Առատ տեղումներն ու ջերմաստիճանի նվազումը թույլ տվեցին, որ այն լինի բազմամյա միջին հատվածի շրջանակում»,-ասաց փոխնախարարը։

Պետրոսյանի խոսքով, Արարատի մարզի ցածրադիր հատվածներում ծիրանենին 70 տոկոսով ծաղկել է, առանձին հատվածներում նույնիսկ 100 տոկոսով։ Արամվիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանում ավելի քան 70 տոկոսով ծաղկած է, Բաղրամյանի ու Հոկտեմբերյանի շրջաններում դեռ ծաղկում չկա, նախալեռնային գոտիներում ծաղկումը կլինի առնվազն 7-10 օրում։ Ծիրանենից հետո կծաղկեն նշենիները, հոնենիները։

«Որոշակի խնդիրներ կան ծառերի փոշոտման համար, քանի որ ամենալավ փոշոտումն իրականացվում է մեղուների միջոցով։ Սակայն ցածր ջերմաստիճանի ու հարաբերական խոնավության պայմաններում մեղուների թռիչքը դադարում է։ Մեղուների բացակայության պայմաններում փոշոտումը շատ դանդաղ է ընթանում, երբեմն էլ բացակայում է»,-մտահոգություն է հայտնում նախարարության պաշտոնյան։

Նա հույս ունի, որ առաջիկա օրերի ընթացքում, երբ անձրևները կարճատև են լինելու, մեղուները կաշխատեն։ Հիշեցնում է, որ փոշոտում կատարվում է նաև քամու միջոցով։

«Հույս ունեմ, որ էական խնդիրներ չեն առաջանա։ Իհարկե, ծաղկման շրջանում առատ տեղումներն ու բարձր խոնավությունը ցանկալի չեն, համենայն դեպս, հույս ունեմ, որ լուրջ վնասներ չեն լինի»,-նշում է նա։

Ինչ վերաբերում է ջրամբարներին, ապա պաշտոնյան պնդում է, տեղումներն այս պարագայում տեղին են ու անհրաժեշտ, դրանց ազդեցությունը միանշանակ դրական է։

«Բարձրադիր գոտիներում ձյան տեսքով առատ տեղումներ գրանցվեցին, ցածրադիր հատվածներում հողն ամբողջությամբ խոնավազրկվել էր տեղումների բացակայության պատճառով։ Հիմա տեղումների կուտակում կա, բայց դա չի նշանակում, որ մենք ջրամբարների առումով մտահոգվելու կարիք չեն ունենա։ Դեռ լուրջ անհանգստանալու առիթ ունենք»,-մանրամասնում է գյուղոլորտի մասնագետը։

Պետրոսյանի խոսքով, որոշ ժամանակ անց միայն կարելի է հաշվել, թե ոռոգման համար ինչքան ջուր կուտակվեց այս օրերին, հասկանալ, թե պաշարները բավարա՞ր են, թե՞ ոչ։

«Ավելի շատ ուրախացնում են առատ տեղումներն ու ջերմաստիճանի անկումը, ինչը թույլ տվեց մի փոքր ուշացնել ծառերի ծաղկումը, քանի որ դա մեծացնում է ցրտահարությունից խուսափելու հավանականությունը»,-նշում է նա։

Հիշեցնենք, որ ԱԻՆ-ի կանխատեսումների համաձայն, օդի ջերմաստիճանը ապրիլի 2-ին կբարձրանա մոտ 5-7 աստիճանով, ապրիլի 3-ին նույնքանով կնվազի, ապրիլի 4-6-ին աստիճանաբար կբարձրանա մոտ 5-6 աստիճանով։

Առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում ցրտահարություն չի սպասվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում