Մատենադարանի տնօրենը շատ ուրախ կլինի, որ իրեն դատի տան

Մատենադարանի տնօրենը շատ ուրախ կլինի, որ իրեն դատի տան

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: «Ցանկացած հիմնարկում, գիտական կետրոնում ժամանակ առ ժամանակ ինչ-ինչ կառուցվածքային փոփոխությունների, ներքին վերադասավորումների անհրաժեշտություն է առաջանում»,– լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը՝ անդրադառնալով նախօրեին Մատենադարանի միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման խմբի գիտական ղեկավար, պրոֆեսոր, բանասիրական և պատմական գիտությունների դոկտոր Արծրունի Սահակյանի հայտարարությանը, որ Մատենադարանի տնօրենն իր բաժինը փակել է, որովհետև անձնական դրդապատճառ ունի։

Տնօրենն ասաց, որ դեռ մեկուկես տարի առաջ իր հնգամյա ծրագրում է նշված եղել կառուցվածքային փոփոխությունների մասին։

«Կոնկրետ այդ մի խմբի հարցը դրված չէր, կար այլ խումբ, պաշտոններ։ Դա ամբողջ կառուցվածքային փոփոխությունների մեջ երևի 1/10 մասն է կազմում»,- նշեց նա։

Վահան Տեր-Ղևոնդյանի ներկայացմամբ, երկու հետազոտական խմբեր կային, որոնք տարրալուծվել են, այդ մարդիկ ոչ աշխատանքն են կորցրել, ոչ հիմնարկից են դուրս եկել, ոչ մի թեմա չի ընդհատվել ոչ էլ որևէ նախապես ընդունված ծրագիր ընդհատվել, նույնիսկ ֆինանսապես չեն տուժել։

«Մի խմբում կար 4 հոգի, մյուսում՝ 5 հոգի։ Մի խումբը ստեղծվել էր 5 տարի առաջ, մյուսը՝ 3։ Գիտական խորհրդին, հետո նաև հոգեբարձուների խորհրդին ներկայացրել եմ, թե ինչու գիտական առումով հիմնավորված չէ այս խմբերի գոյությունը։ Այս խմբերը տարրալուծելը, այլ բաժիններ գնալը պայմանավորված է միայն ու միայն գիտական նպատակահարմարությամբ»,– ասաց տնօրենը։

Կառուցվածքային փոփոխությունների շրջանակում ստեղծվել է երկու նոր բաժին, որը, տնօրենի խոսքով, շատ է կարևորում՝ հրատարակչական և հանրային կապերի բաժիններ։

Անձնական է, թե անձնական չէ՞ Արծրունի Սահակյանի բաժնի փակումը, ինչպես ասում է նա, հարցին ի պատասխան Վահան Տեր-Ղևոնդյանն ասաց. «Եթե իսկապես ուզենայի այդ մարդուց ինչ -ինչ բաների համար, որ երևի ինքը գիտի, վրեժ լուծեի, դրա լայն հնարավորություններն ունեի։ Անցած տարվա վերջին ավարտվում էր նրա գիտական թեմայի կատարման ժամկետը, նա չէր ավարտել իր աշխատանքը, դիմեց՝ խնդրելով երկարաձգել մեկ տարով։ Կարող էի պայմանագիրը նրա հետ չերկարացնել, ժամկետը չերկարաձգել ու ազատեի։ Երկարացրել եմ ժամկետը՝ հնարավորություն տալով ավարտել իր պլանային գիտական թեման։

Անցած տարվա ցուցանիշներով սովորականից շատ բացակայություններ ունի, եթե ուզենայի ինչ-որ անձնական խնդիր լուծել, հաշվեհարդար լիներ, գիտեք՝ տնօրենին անգամ մեկ ոչ հարգելի բացակայությունը հնարավորություն է տալիս ազատել կամ նկատողություն անել։ Դա չեմ արել։

1,5 տարի առաջ մենագրություն գրեց, ինքս դիմել եմ բարերարին, համապատասխան միջոցներ եմ գտել։ Կրկնակի եմ դիմել՝ ավելացելու համար, ուզում էր որ տպաքանակը շատ լինի, կազմը պինդ լիներ։ Երեք փաստ, որ այդ անձի նկատմամբ հաշվեհարդար չեմ արել, ցանկություն էլ չունեմ, պարզապես կառուցվածքային փոփոխություններ են, որոնք թելադրված են գիտական և կազմակերպական անհրաժեշտությամբ»։

Ինչ վերաբերում է Ա. Սահակյանի հայտարարությանը, որ Վ.Տեր-Ղևոնդյանին դատի է տալու իր հասցեին ուղղված զրպարտության համար, Մատենադարանի տնօրենն ասաց. «Շատ ուրախ կլինեմ, թող դատի տա, ես էլ իրեն դատի կտամ ինձ վարկաբեկելու համար, որովհետև նա թերթերում անցած տարիներին անընդհատ հոդվածներ է գրել՝ փորձելով վարկաբեկել իմ դոկտորական ատենախոսությունը»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում