Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Կյանքի 62-րդ տարում կյանքից հեռացել է Կապանի պետական թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։

Կամո Արզումանյանը ծնվել է 1956 թվականին, Կապանի շրջանի Եղվարդ գյուղում։ Ավարտել է Եղվարդի միջնակարգ դպրոցը, ծառայել խորհրդային բանակում, արժանացել բանակի գերազանցիկ մեդալի, ընտրվել Բեռլինի համաբանակային կոնֆերանսի պատվիրակ։ 1978 թվականին որպես դերասան հանդես է եկել Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում, միաժամանակ, 1979-1984 թվականներին՝ սովորել Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանում։ 1991 թվականից Կապանի պետական թատրոնի տնօրենն է։
Մասնակցել է Արցախյան ազատամարտին։

Հանդես է եկել բազմաթիվ ներկայացումներում՝ Ա.Շիրվանզադեի «Արմենուհի» (Հմայակ Վառլամյան), Մուրացանի «Ռուզան» (Ներսե իշխան), Շեյլիի «Չենչի» (Սավելլա), Վ.Շեքսպիրի «Փոթորիկ» (Ալոզո), Հ.Պարոնյանի «Պաղտասար ախպար» (Սուր), Ժ.Անանյանի «Տաքսի-տաքսի» (Փիլոյան) և այլն: Ե.Չարենցի «Կապկազ թամաշա» ներկայացումով հանդես է եկել Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոնում՝ արժանանալով ՀԼԿԵՄ մրցանակի:

Նկարահանվել է «Թռիչքը սկսվում է գետնից» (1980թ.), «Կորուսյալ դրախտ» (1991թ.), «Երևան ջան» (2002թ.), «Տխուր փողոցի լուսաբացը» (2008թ.) և այլն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում