Ձգված չկանգնած և աշխատանքից ազատված ՊԵԿ տեսուչը ողնաշարի խնդիր է ունեցել. «սա կարևոր է իմանալ նախևառաջ Նիկոլ Փաշինյանին»

Ձգված չկանգնած և աշխատանքից ազատված ՊԵԿ տեսուչը ողնաշարի խնդիր է ունեցել. «սա կարևոր է իմանալ նախևառաջ Նիկոլ Փաշինյանին»

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, Facebook: Ավտոմեքենաների մաքսազերծման՝ Նորագավիթում գտնվող կետում իր աշխատանքից հեռացվեց Հայկ Մարտիրոսյանը, ով թափթփված կեցվածքով էր դիմավորել երկրի վարչապետին: Անկեղծ ասած, առաջին տպավորությունս այդ դրվագից այն էր, որ իրոք այս ծառայողը չի համապատասխանում իր զբաղեցրած դիրքին եւ կարող է եւ հեռացվել (այլ բան է, թե ում կողմից եւ ինչ ընթացակարգով): Դրոշի հետ կապված դրվագը եկավ ընդամենը ամրապնդելու այդ՝ արդեն ձեւավորված կարծիքս:

Սակայն այսօր իմացա մի բան, որը, եթե ճիշտ է (իսկ աղբյուրս չեմ կարծում պատճառ ունի ինձ սխալ տեղեկություն տալու), արմատապես փոխում է իրավիճակը եւ կարող է հիմք դառնալ այդ հեռացման որոշման վերանայման համար, եթե անգամ այն եղել է «սեփական դիմումի համաձայն»:

Ինձ հայտնեցին, որ Ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսա-հաշվային ֆակուլտետի (որտեղ նա սովորում էր) մի նեղ շրջանակ, տեղյակ է եղել, որ Հայկ Մարտիրոսյանը առնվազն այդ տարիներին ողնաշարի խնդիր է ունեցել, որի արդյունքում մեկ ուսը մյուսից ցածր է եղել եւ նա ստիպված է եղել դասերի հաճախել ռետինե հատուկ ամրակներով՝ ուսին եւ ողնաշարին հագած, որոնք ինչ-որ կերպ թույլ են տվել նրան շատ-թե քիչ աշխատունակ կեցվածք պահպանել:

Չգիտեմ որքանով եմ ճիշտ վարվում, որ հրապարակում եմ Հայկ Մարտիրոսյանի առողջությանը վերաբերող մի տեղեկատվություն, որն ինքը չի ուզել հրապարակի անգամ աշխատանքը կորցնելու վտանգի ներքո՝ արդարանալու համար: Հեռակա ներողությունում եմ խնդրում Հայկից դրա համար: Համենայնդեպս, իմ աղբյուրը չի կարողացել կապ հաստատել իր հետ, քանի որ նա անջատել է հեռախոսը եւ չի պատասխանում լրագրողների, իրավապաշտպանների եւ որեւէ մեկի հարցերին: Սակայն, սա մի բան է, որի չհրապարակելն էլ կնշանակեր ոտնահարված արդարություն եւ չիրացված արդարադատություն: Այսպիսով, սա կարեւոր է իմանալ նախեւառաջ Նիկոլ Փաշինյանին՝ որպես իր որոշումը վերանայելու հիմք:

Ի դեպ, այն որ Հայկը չի բարձրաձայնում այս հանգամանքը միայն դրական է խոսում իր մարդկային արժանիքների մասին:

Հովսեփ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում