Ապրիլի 22-ին Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ էր նախատեսված

Ապրիլի 22-ին Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ էր նախատեսված

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Փարիզի Աստվածամոր տաճարում, որը նախօրեին հայտնվեց հրդեհի ճիրաններում, ապրիլի 22-ին նախատեսված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ։Հիշեցնենք, որ Ապրիլի 24-ը Ֆրանսիայում նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Այս մասին որոշումը ապրիլի 10-ին ստորագրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Որոշման մեջ նշվում է, որ ամեն տարի այս օրը Փարիզում ու նաև դեպարտամենտներում անցկացնել միջոցառումներ։

Մակրոնի որոշումը մեծ քննադատության արժանացավ Թուրքիայի իշխանությունների կողմից, որոնք Ֆրանսիայի իշխանություններին մեղադրեցին «պատմությունը մանիպուլացնելու» մեջ։

Ապրիլի 24-ի հիշատակի օրվա պատճառով Թուրքիայի իշխանությունները Անթալիայում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ մեղադրանքներ ուղղեցին ներկա Ֆրանսիայի պատվիրակության անդամներին։ Ֆրանսիայի պատգամավոր Սոնյա Քրիմին էլ հայտարարեց, որ Ֆրանսիան գիտի, թե ինչպես վարվել սեփական պատմության հետ:

«Ապրիլի 24-ը հաստատելով Հայոց ցեղասպանության օրվա հիշատակման օր, Ֆրանսիան մտադիր չէ որևէ մեկին դասեր տալ: Ֆրանսիան մտադիր չէ ոչ դասեր, ոչ էլ հարձակումներ ստանալ որևէ երկրից, այդ թվում Թուրքիայից»,-գրել է Քրիմին։

Նշենք, որ ամեն տարի ապրիլի 24-ին Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները, Ֆրանսիայի քաղաքական գործիչները, այցելում են Փարիզի Կանադայի հրապարակում գտնվող Կոմիտասի հուշարձան և հարգանքի տուրք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում