Զելենսկին հավանական է համարում ապրիլի 19-ին բանավեճի անցկացումը Պորոշենկոյի հետ

Զելենսկին հավանական է համարում ապրիլի 19-ին բանավեճի անցկացումը Պորոշենկոյի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ նախագահական ընտրություններում իր մրցակից Պյոտր Պորոշենկոյի հետ քաղաքական բանավեճերը կարող են կայանալ ապրիլի 19-ին, բայց այդ մասին ստույգ չգիտի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին նա ասել է «ՌԲԿ-Ուկրաինա» գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է ապրիլի 18-ին: 

«Հավանաբար, ես չգիտեմ»,– պատասխանել է նա այն պնդմանը, թե «ապրիլի19-ին կարող են բանավեճեր անցկացվել»: Զելենսկին հայտարարել է, որ չի մտածում այն մասին, թե բանավեճերի արդյունքներն ինչպես կանդրադառնան ընտրությունների վրա: «Ուկրաինական ժողովուրդը պետք Է կարծիք հայտնի: Անկեղծ ասած, ես այդ մասին չեմ մտածում: Դա մարդկանց ընտրությունն է»,– ասել է նա: Դրա հետ մեկտեղ թեկնածուն ընդգծել է, թե կարեւոր է համարում ոչ թե խոսքը, այլ արարքները:

«Բանավեճերում մենք պարզապես կտեսնենք երկու մարդու: Այն բանից հետո, ինչ արվել է այս հինգ տարվա ընթացքում, ես կարծում եմ, որ կարող եմ ընդհանրապես լռել: Ես պետք է հաղթեմ, որպեսզի շանս տամ երկրին: Եթե ես գլուխ չհանեմ այդ հնարավորությունից, ես ատամներով (նախագահի պաշտոնը) չեմ բռնի»,- ասել է Զելենսկին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում