Շարմազանովի կարծիքով՝ իշխանությունը պետք է ուշադրություն դարձնի Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինք կնքելու հարցին

Շարմազանովի կարծիքով՝ իշխանությունը պետք է ուշադրություն դարձնի Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինք կնքելու հարցին

 

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարևորում է, որ Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինք կնքելու հարցը բերվի օրակարգ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շարմազանովը նման տեսակետ հայտնեց ապրիլի 19-ին հրավիրված ասուլիսում:

«Այն ժամանակ էլ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության այդ առաջարկը մեզ համար եղել է քննարկելի: Եվ մենք ՀՅԴ-ի մեր գործընկերների հետ առնվազն մի քանի անգամ ունեցել ենք լուրջ քննարկումներ: Համազգային հարցերի շուրջ մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի, նախևառաջ Դաշնակցության հետ, ում համար Արցախի հարցը և Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման հարցը գերակա խնդիր է: Իհարկե, սա այն հարցն է, որը միշտ պետք է լինի մեր օրակարգում, սակայն այն հարցը չէ, որի հրապարակային դետալներից պետք է խոսենք: Սա այն հարցն է, որ պետք է լինի օրակարգում, և որին պետք է ուշադրություն դարձնի նոր իշխանությունը»,-ասաց Շարմազանովը:

Սակայն նա վստահ չէ, որ ներկայիս իշխանությունը հարցը խորն ուսումնասիրության կենթարկի: Շարմազանովը շեշտեց՝ չկա արցախյան հարց, կա հայկական հարցի արցախյան դրսևորում:

Ավելի վաղ Ընդհանուր ժողովից հետո ՀՅԴ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների միջեւ ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի սեղմ ժամկետներում կնքումը հրատապ անհրաժեշտություն է համարվել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում