Վլադիմիր Կարապետյանը. Վարչապետը մտադիր չէ պաշտոնանկ անել Դավիթ Սանասարյանին

Վլադիմիր Կարապետյանը. Վարչապետը մտադիր չէ պաշտոնանկ անել Դավիթ Սանասարյանին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապահովել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի երկրորդ բաժնի պետ, մայոր Ս. Ոսկանյանին 2019 թվականի ապրիլի 18-ի՝ «Մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» որոշման կատարումը», – Panorama.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Վարչապետի մամուլի խոսնակը նաև ասաց, միաժամանակ պարոն Փաշինյանը մտադրություն չունի պաշտոնանկ անելու Դավիթ Սանասարյանին, որովհետև հարգում է անմեղության կանխավարկածը։

Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման մասին որոշումն ուղարկվում է նրա աշխատավայրի վարչակազմի ղեկավարին, որն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, պարտավոր է կատարել այն և դրա մասին տեղյակ պահել համապատասխան որոշումը կայացրած մարմնին կամ անձին»։

Նույն հոդվածի հաջորդ կետի համաձայն, պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը վերացվում է դատարանի, դատախազի կամ քննիչի որոշմամբ, երբ վերանում է դրա անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է ՀՀ վարչապետին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում