Երթևեկության բալային համակարգի ներդրման օրենսդրական փաթեթը մեկ ամսվա մեջ կուղարկվի ԱԺ. Նիկոլ Փաշինյան

Երթևեկության բալային համակարգի ներդրման օրենսդրական փաթեթը մեկ ամսվա մեջ կուղարկվի ԱԺ. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երթևեկության կանոնների պահպանության բալային համակարգի հետ կապված օրենսդրական նախաձեռնությունը մշակվում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց ապրիլի 19-ին՝ «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին:

«Բալային համակարգի հետ կապված աշխատանքն ընթանում է, և ինձ տրված տեղեկանքով՝ առաջիկա մեկ ամսվա մեջ արդեն փաթեթը կուղարկվի Ազգային ժողով»,– ասաց Փաշինյանը:

Հիշելով ամիսներ առաջ կառավարության նիստում արած հայտարարությունը, համաձայն որի քաղաքացիները պետք է օգնեն ճանապարհային ոստիկանությանը և ահազանգեն, նույնիսկ նկարեն ու ուղարկեն տեսանյութեր՝ օգնելու ճանապարհային ոստիկանությանը հաստատել կարգուկանոն, վարչապետը զարմացավ, որ այս հարցի շուրջ ոստիկանությունը դեռևս չի աշխատել ու չի պատրաստել օրենսդրական փոփոխություն:

«Եթե ես կառավարության նիստում հայտարարում եմ, պետք է ոստիկանության համապատասխան մարմիններն արձանագրեին, որ դա հանձնարական է: Եվ ես հիմա ուղիղ եթերում հանձնարարում եմ: Արդեն 10 ամիս ուշացել եք և չեք կատարել այդ հանձնարարականը»,- ասաց վարչապետը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում