Ամուլսարի խնդիրն արդեն լուծվեց

Ամուլսարի խնդիրն արդեն լուծվեց

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: «Այն, ինչ-որ բացահայտվեց տեսակոնֆերանսի ժամանակ, մենք վաղուց բարձրաձայնում էինք։ Ես վաղուց ասել եմ, որ «Էլարդ» ընկերության փորձաքննությունն անօրինական է եղել, եզրակացությունը՝ թերի, նորմալ ուսումնասիրություն չեն արել, իսկ միջազգային ստանդարտների մասին խոսելը ծիծաղելի էր»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան-իրավաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ ղեկավար Նազելի Վարդանյանը՝ անդրադառնալով ELARD ընկերության փորձագետների հետ անցկացված տեսակոնֆերանսին։

Բնապահպանի խոսքով, տեսակոնֆերանսի ընթացքում հնչած հարց ու պատասխանն ապացուցեց այն, ինչի մասին ինքն ու այլ բնապահպաններ, ովքեր դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը, բարձրաձայնում էին։

«Օգոստոսի 14-ին, երբ հայտնի դարձավ, որ ոչ մի վնաս չկա հանքի շահագործման պարագայում, քննիչն էլ հայտարարեց, որ գործը կարճվել է, հետապնդման հիմք չկա, հենց այդ օրվանից ասել եմ, ողջ քրեական դատավարությունը գլխիվայր է դրվել, իրականացվում է պաշտոնական կեղծիք ու պաշտոնական դիրքի չարաշահում, լիազորություններից դուրս են եկել։ Այսօր այդ ամեն ինչն ամրապնդվեց։ Պարզվեց, որ քննչական մարմինը ուսումնասիրությունը, ոչ թե հետևանքները մեղմացնելու համար հարցադրումներ է արել փորձաքննության ժամկետն ավարտվելուց հետո»,- ասաց բնապահպանը։

Հետևանքները վերացնելու վերաբերյալ հուշագիր պահանջելը, ըստ Վարդանյանի, ուղղված է եղել հանքի շահագործման հետևանքները մեղմացնելուն, սակայն դա քրեական գործի հետ որևէ կապ չի ունեցել։

«Քննիչը դուրս է եկել իր պաշտոնական լիազորություններից։ Դա օրենքի կոպիտ խախտում է, եթե Շրջակա միջավայրի նախարարությունը գոնե կարող էր իրեն նման բան թույլ տալ, բայց քննչական կոմիտեն քրեական գործի սահմաններից դուրս է եկել։ Դա հիմնավորվեց նաև երեկվա լրագրողական հետաքննությամբ, որով պարզվեց քննիչը բարեկամական կապ ունի նախկին նախարարի հետ, որը հաստատել է 2016-ի փարձաքննությունը։ Այս ամեն ինչը քննիչ Իվանյանն արել է, որպեսզի կոծկի ու գործ չհարուցի իր հարազատների նկատմամբ։ Այս քրեական գործով խախտումների մասին կարելի է ժամերով խոսել»,- ասաց Նազելի Վարդանյանը։

Նա թվարկում է խախտումներից մի քանիսը. քրեական գործով ոչ տուժող է եղել, ոչ կասկածյալ, ոչ մեղադրյալ, այնպես են արել, որ ծածկադմփոց արվի ու գործը փակվի։

«Ես չգիտեմ, բացի բարեկամական կապերից, ուրիշ ի՞նչ շահագրգռվածություն է եղել, որ աջակցեն «Լիդիան» ընկերությանը, որ նա շարունակի աշխատել օրենքի խախտումներով։ Հիշեցնեմ, որ այդ ընկերության փորձաքննության ժամկետը լրացել, և այն չի կարող գործունեություն ծավալել այստեղ առանց նոր փորձաքննության»,-ընդգծեց Վարդանյանը։

Բնապահպան-իրավաբանը համարում է, որ տեսակոնֆերանսից հետո խնդիրը կարելի է լուծված համարել։

«Արդեն լուծվեց։ «Լիդիան»-ին պետք է արգելեն Հայաստանում ցանկացած գործունեություն ծավալել։ Վերջ։ Նա ոչ վստահելի գործընկեր է։ Ընկերությունն ապացուցեց, որ ամեն ինչ կեղծ է ներկայացրել, նա անգամ իրավունք չպետք է ունենա կրկին դիմելու փորձաքննության։ Մենք հիմա պետք է ասենք, որ թերի փաստաթղթեր, կեղծ տվյալներ են ներկայացվել, վստահելի չեն, էլ չեմ ասում, որ մեր օրենքներն էլ խախտվել են։ Բոլոր հիմքերը կան, որ Հայաստանում այդ ընկերության գործունեությունը դադարեցվի։ Թե դրանից հետո ընկերությունն ինչ կանի, նրա գործն է, թող գնա, ինչ ուզում է անի»,-ասաց Panorama.am-ի զրուցակիցը։

Տեսակոնֆերանսից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ շրջակա միջավայրի նախարարությունը պետք է եզրակացություն տա մինչև սեպտեմբերի 4-ը։ Նազելի Վարդանյանը նշում է, դա ոչ թե եզրակացություն է լինելու, այլ կարծիք՝ «Լիդիան»-ին ներկայացվելիք արգելքի ու դրա հիմնավորումների մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում