Մհեր Արմենիան կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին՝ իր հիմնած «Ազգի ձայն» կուսակցությամբ

Մհեր Արմենիան կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին՝ իր հիմնած «Ազգի ձայն» կուսակցությամբ

Երգիչ Մհեր Արմենիան կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին։ Այս մասին Tert.am-ին հայտնեց նա՝ նշելով, որ ընտրություններին մասնակցելու են իր հիմնադրած, նորաստեղծ «Ազգի ձայն» կուսակցությամբ, որի համանախագահն է Մհերը։

Երգիչը նշեց, թե կուսակցության ծրագրերի, քայլերի մասին այս պահին ոչինչ ասել չի կարող, սակայն կուսակցության համագումարի օրը՝ ապրիլի 21-ին, կներկայացնեն բոլոր մանրամասները։

Նրա խոսքով՝ կուսակցությունում շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներ ևս կան․ «Այս պահին անունները նշել չեմ կարող, դա կլինի անակնկալ։ Լինելու են ոչ միայն շոու բիզնեսի, այլև տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, որոնք հեղինակություն են իրենց ոլորտներում»,-ասաց նա։

Հարցին՝ արդյո՞ք ընտրություններին մասնակցելու են որպես առանձին քաղաքական ուժ, թե՞ հնարավոր է՝ դաշինք կազմեն այլ ուժերի հետ, Մհերն ասաց, թե այս պահին հստակ ասել չի կարող:

«Այդպիսի քննարկում չկա, բայց չի բացառվում՝ նման որոշում կայացվի»,-նշեց երգիչը։

Նրա խոսքով՝ «Ազգի ձայնը» պետականամետ, ազգային ընդդիմադիր ուժ է․ «Մեր գաղափարախոսությունն ազգային է, դրա շուրջ ենք հավաքվում, ռադիկալ ընդդիմություն չենք, պետականամետ ուժ ենք»։

Հիշեցնենք՝ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանանան հունիսի 20-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում