Տավուշի մարզի Բերդ քաղաքում կանցկացվի մեղրի եւ հատապտուղների փառատոն

Տավուշի մարզի Բերդ քաղաքում օգոստոսի 18-ին կանցկացվի մեղրի և հատապտուղների փառատոն, որի նապատակը բիզնես ոլորտի հետաքրքրությունը այդ տարածաշրջանի նկատմամբ մեծացնելն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Տավուշի «Հոգևոր վերածնունդ» հիմնադրամի նախագահ Հայկ Չոբանյանը: «Տավուշը մեծ ներուժ ունի, որը հատուկ քաղաքականություն մշակելու արդյունքում կարելի է զարգացնել: Մենք նպատակ ունենք խթանել հետաքրքրությունը Տավուշի նկատմամբ բիզնես ոլորտում»,- ասաց նա: Հայաստանում Նորվեգիայի պատվո հյուպատոս Թիմոթի Սթրեյթը, ով Բերդը (նախկին Շամշադին) համարում է Հայաստանում իր երկրորդ տունը Երևանից հետո, ևս համակարծիք է, որ մեծ Տավուշում կան ուշադրության արժանի ռեսուրսներ: «Այս փառատոնը լինելու է շարունակական և մեր նպատակն այն է, որ մասնակիցները հմտանան կազմակերպչական աշխատանքներում ու հետագայում իրենք շարունակեն դրանց իրականացումը»,- ասաց պատվո հյուպատոսը:

Մեղրի և հատապտուղների հավաքման ու վերամշակման ուղղություների ընտրությունը պատահական չի կատարվել, քանի որ դրանով կազմակերպիչները հետապնդում են մարզում այդ ուղղությունների զարգացումն ապահովելու նպատակ: «Տավուշը հայտնի է իր գողտրիկ բնությամբ, այն գրավիչ է հատկապես էկոտուրիզմի զարգացման համար: Փառատոնը գործիք է, որ գրավենք տարբեր անձանց ու կազմակերպությունների ուշադրությունը բիզնես ծրագրեր իրականացնելու համար»,-նշեց Հայկ Չոբանյանը:

Նա տեղեկացրեց, որ նախորդ տարի փառատոնին մասնակցել է մի քանի հազար մարդ, և այս տարի կազմակերպիչները կարող են հյուրընկալել մինչ 10 հազար այցելուի: Նա նաև նշեց, որ միջոցառմանը մասնակցում են Տավուշի մարզի բոլոր գյուղերի բնակիչները: «Տավուշը բավականին խաղաղ տարածաշրջան է: Այս միջոցառման միջոցով պետք է ցույց տանք, որ պետք չէ վախենալ այցելել այնտեղ, քանի որ Տավուշը շատ հանգիստ և անվտանգ տարածք է»,- ասաց նա:

Փառատոնի ժամանակ կներկայացվեն տեղի վարպետների ձեռքի աշխատանքները, կլինեն ցուցահանդեսներ, համերգային ծրագիր’ տեղի արտիստների ու խմբերի մասնակցությամբ, կգործի հատապտուղների ավան, որտեղ կվաճառվեն տեղում հատապտուղներից պատրաստված ըմպելիքներ և կերակրատեսակներ, կներկայացվեն Տավուշին բնորոշ խոհանոցի կերակրատեսակները: «Անցյալ տարի բանահավաքչական մի ակցիա կազմակերպեցինք. դպրոցներում երեխաները գրեցին շարադրություն իրենց ընտանիքներում պատրաստվող յուրահատուկ ուտելիքների վերաբերյալ, և հենց դրանք էլ կպատրաստվեն փառատոնի ընթացքու մ»,-ասաց Հայկ Չոբանյանը:

«Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը» տեղի կունենա Բերդի Սորայի այգում: Փառատոնն անցկացվում է Տավուշի «Հոգևոր վերածնունդ» և «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամների կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում