Դամասկոսում երկու հայ է վիրավորվել` մայր եւ որդի

Դամասկոսում Ալ Քասսաա թաղամասի վրա ընդդիմադիր զինյալների կողմից ուղղված տասնյակ ռումբերի պայթյուններից վիրավորվել է երկու հայ: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդեց Դամասկոսի բնակիչ Նազարեթ Էլմաջյանը: Վիրավորները մայր և որդի Միրնա և Նազարեթ Թորոսյաններն են, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը կայուն է»,-ասաց նա: Թաղամասում հիմնականում ապրում են քրիստոնյաները, այդ թվում, հայերը:

Նազարեթ Էլմաջյանի հաղորդմամբ’ Դամասկոսի մերձակա շրջաններում քիմիական զենքի հնարավոր կիրառումից ոչ մի հայ չի տուժել: «Այն շրջաններում, որտեղ, ըստ տեղեկությունների, քիմիական զենք է կիրառվել, հայեր չեն տուժել, քանի որ այդ տարածքներում հայեր երբեք չեն ապրել»,-ասաց նա:

Օրերս լուրեր տարածվեցին, որ Դամասկոսի մերձակա Այն Թերմ, Ջուբար և Զամալք ավանները հրթիռակոծվել են «զարին» նյարդապարալիտիկ գազի կիրառմամբ, ինչի հետևանով մի քանի հարյուր զոհ կա: Սիրիական ընդդիմությունը մեղադրում է կառավարական ուժերին Դամասկոսի մերձակայքում քիմիական զենք կիրառելու մեջ, մինչդեռ պաշտոնական Դամասկոսը հերքում է մեղադրանքները՝ դրանք որակելով ապստամբների ապատեղեկատվություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում