Իրանի դեսպանն ու Գարեգին Բ կաթողիկոսը անհանգստանում են սիրիահայերի համար

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը սեպտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամադ Ռեիսիին և դեսպանության մշակույթի խորհրդական Մեհրան Շիրավանդիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն արձանագրել է, որ նման հանդիպումները նպաստումուն փոխհամագործակցության զորացմանը և կապերի ամրապնդմանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

Անդրադառնալով Սիրիայում տիրող ծանր իրավիճակին’ Նորին Սրբությունն իր խորը մտահոգությունն է արտահայտել այս կապակցությամբ’ տեղեկացնելով, որ Մայր Աթոռը մշտական կապի մեջ է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հետ և ամեն ջանք գործադրում է’ ի զորակցություն Սիրիայի ժողովրդի և սիրիահայ համայնքի: Նորին Սրբությունը նաև հույս է հայտնել, որ միջազգային հանրության խաղաղասեր ջանքերը կկարողանան ապահով և կայուն վիճակ ստեղծել տարածաշրջանում և մասնավորապես’ Սիրիայում:

Հանդիպմանը դեսպանատան մշակույթի կենտրոնի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է ընծայվել «Հիսուս Քրիստոսը Պետրոս Առաքյալի հետ» փորագրություն-նկարը, որը երկու տարվա ընթացքում պատրաստել է իրանցի մահմեդական արվեստագետ Մեհդի Աղղազադեն: Վեհափառ Հայրապետը, շնորհակալություն հայտնելով այս ընծայի համար, արվեստագետի գործը նկատել է կրոնների երկխոսության, փոխհանդուրժողականության և եղբայրական ոգու լավագույն դրսևորում’ նշելով, որ փայտյա պատկերն իր արժանի տեղը կգտնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հավաքածուում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում