Հունգարիայի հայ համայնքի ղեկավարն ապշեցնող է որակել իշխանությունների անտարբերությունը Սաֆարովի գործի նկատմամբ

Մինչև հիմա հայտնի չէ, թե Հունգարիան ինչ օգուտ է ստացել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով հունգարական Politics կայքը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է Հունգարիայի հայ համայնքի ղեկավար Սևան Սարգսյանը’ կրկին ընդգծելով, որ վերջին տարում հունգարական կառավարությունը գրեթե ոչ մի ջանք չի գործադրել արտահանձման պատճառով Հայաստանի հետ ծագած տարաձայնությունը հարթելու համար:

«Արևելյան գործընկերության միջոցով Եվրոպական միությունը կարող էր ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, սակայն Հունգարիան ոչինչ չի ձեռնարկել այդ ուղղությամբ»,- ասել է Սևան Սարգասյանը’ «ապշեցնող» որակելով Հունգարիայի կողմից «հետաքրքրվածության լիակատար բացակայությունը»:

Սարգսյանի հայտարարությանն ի պատասխան’ Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հունգարիայի կառավարությունը մի քանի փորձ է կատարել Հայաստանի հետ դիվանագիտական կապերը վերականգնելու ուղղությամբ. հարցի կապակցությամբ 2012 թվականին Հունգարիայի ԱԳ նախարար Յանոս Մարտոնյին նամակ է հղել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին’ նշելով, որ «Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելը ուղղված չէ հայերի դեմ»: Նախարարությունը նաև դիվանագիտական նոտա է հղել Հայաստանի ԱԳ նախարարությանը’ հաստատելով հարաբերությունները վերականգնելու ցանկությունը:

«Հունգարիայի շահերից է բխում հայ-հունգարական բարեկամության հետագա խորացումը, իսկ համագործակցությունը երկու երկրների միջև պետք է ամրապնդել և ընդլայնել բոլոր ոլորտներում, ներառյալ նաև դիվանագիտական հարաբերություններում»,- նշված է նախարարության հայտարարության մեջ:

Նշվում է, որ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների սառեցումը չպետք է ազդի Հունգարիայում բնակվող հայերի հետ հարաբերությունների վրա: Նախարարությունը նաև հերքել է հայ համայնքի մեղադրանքներն այն մասին, որ հայերն իրենց ապահով չեն զգում Հունգարիայում և որ դուրս են մղվել երկու երկրների դիվանագիտական կապերի վերականգման ուղղությամբ տարվող ջանքերից:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում կայացրին արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմ անը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ հերոսացրին: Հայաստանը կասեցրեց դիվանագիատական հարաբերություններն ու բոլոր պաշտոնական կապերը Հունգարիայի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում