Սերգեյ Սարկիսովը Լոս Անջելեսում Հայաստանի նոր գլխավոր հյուպատոսն է

Լոս Անջելեսում Հայաստանի նոր գլխավոր հյուպատոս է նշանակվել Մոսկվաբնակ գործարար Սերգեյ Սարկիսովը, ով հետխորհրդային Ռուսաստանում ստեղծել է ապահովագրական ոլորտի կայսրություն։ Այս մասին գրում է ԱՄՆ-ում լույս տեսնող «Ասպարեզ» պարբերականը՝ հավելելով, որ այս տարի «Forbes»ամսագիրը նրա հարստությունը գնահատել է 1,3 մլրդ դոլար։ Նա և նրա եղբայր Նիկոլայը զբաղեցրել են Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակի 74-րդ հորիզոնականը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ասպարեզ»-ը նշել է, որ տեղական պաշտոնյաների պատվիրակության’ Հայաստան այցի ժամանակ, որը գլխավորել է Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի խոսնակ Ջոն Պերեսը, Սարկիսովը նրանց ուղեկցել է հանդիպումների և այցերի ժամանակ որպես Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոս։ Նա փոխարինել է նախկին գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանին, ով հնարավոր է նշանակվի Մեքսիկայում Հայաստանի դեսպան։ 4 մլն դոլար նվիրատվությամբ 2012 թվականին Սարկիսովը հանդիսացել է «Հայաստան» հիմանդրամի հեռուստամարաթոնի ամենամեծ միասնական դոնորը։

Սարկիսովը ուսանել է Մոսկվայի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Այնուհետև Ֆինանսական համալսարանում ստանալով Տնտեսագիտական գիտությունների թեկնածուի աստիճան չորս տարի աշխատել է կառավարությունում և նշանակվել Լատինական Ամերիկայում «Ինգոսստրախ»-ի ներկայացուցչության տնօրեն։ Սարկիսովն ունի ավելի քան 30 տարվա փորձ ապահովագրության ոլորտում։ Նա հաճախ ելույթներ է ունեցել տարբեր հարցերի շուրջ։ Նա «IJSC» «Ռեսո Գարանտիա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է, որը Ռուսաստանի լավագույն հինգ ապահովագրական ընկերություններից մեկն է, և «Ռեսո» խմբի անդամ է։ Սարկիսովը հեղինակել է մի քանի գրքեր’ նվիրված կյանքի ապահովագրությանը, ապահովագրության իրավունքին, կառավարմանը։ Նա նաև ապահովագրական կարգավորման եւ ռիսկերի կառավարման վերաբերյալ մոտ 50 հոդվածների հեղինակ է։ Ամուսնացած է, ունի հինգ երեխա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում