«Հայոց ցեղասպանության ժամանակները» երկհատոր հետազոտությունը ներկայացվել է Բեյրութում

Բեյրութի «Լյուսի Թութունջան» ցուցասրահում հունվարի 31-ին տեղի է ունեցել Կատյա Փելթեքյանի «Հայոց ցեղասպանության ժամանակները» երկհատոր հետազոտության շնորհանդեսը, որում ընդգրկված են հազարից ավելի հոդվածներ, հայտարարարություններ և այլ նյութեր 1914-1923թթ. բրիտանական մամուլից: Գրքի առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել 2013թ. նոյեմբերին Լոնդոնի «Հայկական տանը»:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարութան մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատան նախաձեռնությամբ և Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի հովանավորությամբ կայացած միջոցառմանը ներկա էին պաշտոնյաներ, Լիբանանում հավատարմագրված դեսպաններ, կրոնական առաջնորդներ, լիբանանահայ համայնքի տարբեր կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Այնուհետև հետազոտության հեղինակը’ Կատյա Փելթեքյանը, ներկայացրել է որոշ մանրամասներ 12 տարվա ընթացքում կատարված աշխատանքի մասին:

Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի անունից ելույթ է ունեցել Անիտա Լիբիարը, ով բարձր է գնահատել կատարված հետազոտությունը:

Իր ելույթում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը շնորհավորել է Կատյա Փելթեքյանին խոր ուսումնասիրության, ծավալուն և հույժ կարևոր աշխատության համար: Նա ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությանն առնչվող միջազգային առաջին արձագանքը եղել է 1915թ. մայիսի 24-ին, երբ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանն ընդունել են համատեղ հայտարարություն, որում հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվել են որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Դեսպանը բարձր է գնահատել Լիբանանի հայ համայնքի, մասնավորապես Հայոց ցեղասպանո ւթյան 100-ամյակի Կենտրոնական մարմնի նպատակաուղղված և բազմաբովանդակ գործունեությունը և համոզմունք հայտնել, որ, մոտենալով Հայոց Ցեղասպանության 100-ամյակին, անհրաժեշտ է համակարգված աշխատանք, ջանքերի համախմբում ցեղասպանության միջազգային ճանաչման, պատմական ճշմարտության վերականգնման, համընդհանուր դատապարտման և հետևանքների վերացման ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում