Հայ զինվորը ոչ մի թիզ հող չի զիջի. Քարվաճառում նշվեց Օմարի պաշտպանության 20-ամյակը

Այսօր, փետրվարի 18-ին, ԼՂՀ Քարվաճառ քաղաքում նշվեց Օմարի լեռնանցքի պաշտպանության 20-ամյա տարեդարձը: Տոնի առթիվ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ հավաքվել էին զինվորականներ, Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարությունը, քաղաքապետը, Քարվաճառի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները’ տնօրենի գլխավորությամբ, Քարվաճառի բնակիչներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Քարվաճառի N զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Գեւորգյանը, ով իր ելույթում նախ շնորհավորեց բոլոր ներկաներին օրվա խորհրդի կապակցությամբ: «Շնորհավորում եմ այն մարդկանց, ովքեր ազատագրեցին այս տարածքը: Հայոց բանակն ստեղծվեց մեզ համար շատ ծանր պայմաններում, շատ մարդիկ իրենց կյանքը նվիրեցին բանակի կազմավորման ու հայկական հողերի ազատագրման համար: Նրանք կերտեցին մեր ազատությունն ու ապագան»: Փոխգնդապետն իր խոսքում նշեց, որ չնայած մեր անկախությունը դեռեւս կարճ ճանապարհ է անցել, բայց մեր հաղթանակները բազմաթիվ են: «Այսօր բոլորիս տոնն է, հայ զինվորի, գիտնականի, արվեստագետի, ուսուցչի, նախագահի ու բանվորի տոնն է: Թող որ մեր հաղթանակները շատ լինեն ու մենք կարողանանք կերտել մեր երազած հայրենիքը»: Այնուհետեւ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը:

Ելույթ ունեցավ նաեւ ՀՀ ՊՆ երկրորդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ Պ. Պողոսյանը:

«20 տարի առաջ այս օրը մենք շատ կարեւոր հաղթանակ ունեցանք հայ զինվորի շնորհիվ: Հակառակորդը փորձում էր գրավել Օմարի լեռնանցքը եւ դուրս գալ Արցախի թիկունք: Դա տեղի չունեցավ մեր բանակի, մեր զինվորի շնորհիվ»: Հրամանատարը եւս շնորհավորեց բոլորին կարեւորագույն հաղթանակի համար ու հավաստիացրեց, որ մեր սահմաններն այսօր ամուր են ու օր օրի էլ ավելի են ամրանում: Մատնացույց անելով քարվաճառցի աշակերտներին’ նա նշեց, որ հենց իրենք են այսօրվա զինվորականների գործի շարունակողները: «Համոզված եղեք, մեր զինվորը ոչ մի թիզ հող չի տա թշնամուն», ամփոփեց իր խոսքը բարձրաստիճան զինվորականը:

Ելույթ ունեցավ նաեւ պահեստազորի փոխգնդապետ, Քարվաճառի միջնակարգ դպրոցի զինղեկ Վահագն Մովսիսյանը:

«Սիրելի ներկաներ, շատ բան կարելի է ասել այս օրվա կապակցությամբ, նախ ցանկանում եմ շնորհավորել բոլորիս: Դժվար էր Օմարի պաշտպանության օրերին, ձմեռ էր, ցուրտ էր, բայց դա ճակատագրական պահ էր, անհրաժեշտ էր դիմադրել, ու մենք դիմադրեցինք: Եթե հանկարծ Քարվաճառը գրավվեր թշնամու կողմից, դա ճակատագրական կլիներ ամբողջ Արցախի համար: Եւ զորքն ամեն ինչ արեց, որ այդպիսի բան տեղի չունենա: Եւս մեկ անգամ շնորհավորում եմ եւ մաղթում մեր բանակին հզորություն, կամք եւ նորից հզորություն»:

Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ նաեւ Շահումյանի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Պ. Հակոբյանը: Իր խոսքում նա հիշեցրեց, որ 2013-ին մեծ շուքով նշվեց Քարվաճառի ազատագրման 20-ամյակը եւ ներկա էին այն զինվորականները, ովքեր ազատագրել են Քարվաճառը: «Այսպիսի միջոցառումները հայրենասիրության լավագույն դասն են մեր երեխաների համար. նրանք տեսնում են, թե ինչպես է պետք պաշտպանել հայրենիքը», նշեց նա եւ հիշեց կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի անունը, ով այս տարվա հունվարի 20-ին ադրբեջանական դիվերսիայի ժամանակ իր կյանքի գնով կանխեց թշնամու առաջխաղացումն ու իր կյանքը զոհելով’ պաշտպանեց իր զինակիցներին ու իր հայրենիքը:

«Քաղաքացիական հասարակությունը միշտ բանակի թիկունքում է, որ դուք ավելի ուժեղ լինեք», խոսքը զինծառայողներին ուղղեց Պ. Հակոբյանը:

Միջոցառման վերջում պարգեւատրվեցին բազմաթիվ զինծառայողներ:

Թամարա Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում