Արոնյանը ստեղծագործական առումով գերազանցում է Կարլսենին. Sport-express

Ստեղծագորական պլանով Արոնյանը գերազանցում է իր մրցակցին’ Մագնուս Կարլսենին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ռուսական Sport-express կայքն անդրադարձել է հավակնորդների գալիք մրցաշարին’ խոսելով նաև Լևոն Արոնյանի մասին: Կայքը, մասնավորապես, գրում է. «Ստամբուլի 2012 թվականի օլիմպիադայից հետո, որտեղ Հայաստանի հավաքականը երրորդ անգամ օլիմպիական չեմպիոն դարձավ, ուրախությունից փայլող Լևոն Արոնյանն ասաց, որ հիմա իր համար առաջնային նպատակը հավակնորդների մրցաշարում հաղթելն է, և աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարելը»:

«Ես այս տարի դառնում եմ 31 տարեկան, պետք է շտապել»,-ասել էր Արոնյանը, սակայն Լոնդոնում չհաջողվեց: Գուցե Լևոնը մի քիչ չափն անցավ’ գերազանցության ձգտելով: Արդյոք Արոնյանը շանսեր ունի՞ Խանտի-Մանսիյսկում կայանալիք հավակնորդների մրցաշարում: Անկասկած: Ստեղծագորական պլանով Արոնյանը գերազանցում է իր մրցակցին: Նա ավելի լավ սկզբնախաղ ունի, վերջնախաղում էլ չի զիջում Կարլսենին: Աշխարհի նորընծա չեմպիոնն Արոնյանին գերազանցում է միայն մարզական առումով’ նա պայքարում է նույնիսկ անհույս դիրքերում: Հավակնորդների 2014 թվականի մրցաշարի ֆավորիտի’ Արոնյանի համար շախմատը նախ արվեստ է, հետո միայն’ այլ բան: Արոնյանը և Կարլսենը կարծես շախմատային Ֆեդերերն ու Նադալը լինեն’ անընդհատ վիճում են’խաղային ո՞ր մոտեցումն է առավել նախընտրելի: Արոնյանն առայժմ զիջում է, Կարլսենն առջևում է, բայց Արոնյանը դեռ ժամանակ ունի»:

Հավակնորդների մրցաշարը կկայանա մարտի 13-ապրիլի 1-ը: Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը, Վլադիմիր Կրամնիկը, Վեսելին Թոփալովը, Շահրիյար Մամեդյարովը, Դմիտրի Անդրեյկինը, ՍերգեյԿարյակինը, Վիշվանաթան Անանդը և Պյոտր Սվիդլերը:

Մրցաշարի առաջին տուրում Արոնյանը սև խաղաքարարերով կհանդիպի աշխարհի նախկին չեմպիոնհնդիկ Վիշվանաթան Անանդի, իսկ վերջին’ 14-րդ տուրում’ Սերգեյ Կարյակինի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում