Երևանում մեկնարկել է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը

Ս. թ. մարտի 2-15-ը Երեւանում անցկացվելու է Եվրոպայի 15-րդ անհատական առաջնությունը: Մրցաշարը նվիրված է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին: Այս տարի լրանում է Պետրոսյանի ծննդյան 85-ամյակը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Բացման արարողությունը կայացել է մարտի 2-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի մամլո ծառայությունը, բացման արարողությանը ներկա է գտնվել նաև երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը:

Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով:
Խաղերը կկայանան ՙԷլիտ պլազա՚ բիզնես կենտրոնում մարտի 3-15-ը: Սկիզբը’ ժամը 15:00-ին, վերջին տուրը’ 14:00-ին: Մարտի 9-ը հանգստյան օր է:
Մրցաշարին մասնակցում են 27 երկրների մոտ 270 շախմատիստներ, այդ թվում’ շուրջ 130 գրոսմայստերներ: Միջազգային կոչումներ ունեցող մասնակիցների թիվն անցնում է 200-ից:

Ամենամեծ թվով մասնակիցներ ներկայացնում են Հայաստանը (մոտ 80), Ռուսաստանը (53), Վրաստանը (17), Իսրայելը (17), Ուկրաինան (13), Թուրքիան (10):

Կանոնադրության համաձայն, առաջին 23 տեղերը գրաված շախմատիստներն իրավունք են ստանում մասնակցելու Աշխարհի գավաթին:

Մրցանակային հիմնադրամը կազմում է 160 հազար եվրո: Սահմանված են 25 հիմնական եւ 15 հատուկ մրցանակներ: Առաջին մրցանակակիրը կստանա 20 հազար եվրո: Միավորների հավասարության դեպքում մրցանակները բաժանվում են հավասարապես:

Գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը (Հայաստան):

Վճռաբեկ հանձնաժողովի նախագահն է գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը (Հայաստան), անդամները’ գրոսմայստեր Գիորգի Գիորգաձեն (Վրաստան) եւ միջազգային կարգի մրցավար Գենադի Նեսիսը (Ռուսաստան):

Խաղերի սկիզբը’ ժամը 15:00-ին, վերջին տուրը’ 14:00-ին (Երեւանի ժամանակով):

Հետևեք մեզ նաև Telegram-ում