Կաթողիկոսն ընդունել է շախմատի Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության մասնակիցներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մարտի 9-ին ընդունել է շախմատի Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության մասնակիցներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդ իպման սկզբում Հայաստանի Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է առաջնության մասնակիցներին և մրցապայքարում արձանագրված արդյունքները:Նորին Սրբությունը, ողջունելով շախմատիստների ներկայությունը համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ուրախություն է հայտնել, որ մեր երկրում իրականացվում են բազմաթիվ միջազգային միջոցառումներ ինչպես մշակույթի և կրթության, այնպես էլ սպորտի բնագավառում: Անդրադառնալով շախմատի նկատմամբ հայ ժողովրդի առանձնահատուկ վերաբերմունքին’ Ամենայն Հայոց Հայրապետը նշել է, որ շախմատը, որպես ստեղծագործական մտքի արտահայտություն, ազնվական խաղ է և կարևոր առաքելություն ունի մարդկության կյանքում’ իր ոգով նպաստելու ազգերի ու մշակույթների միջև փոխհասկացողության զորացմանը: Վեհափառ Հայրապետը մասնավորապես կարևորել է շախմատի բարերար ներգործությունն անձի մեջ դրական որակների ու հատկությունների կերտման, նրա կերպարի ձևավորման գործում:

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը պատասխանել է առաջնության մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են տարբեր սպորտաձևերի նկատմամբ Եկեղեցու վերաբերմունքին, Հայ Եկեղեցու պատմությանն ու դերակատարությանը հասարակական կյանքում, ինչպես նաև ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման գործում Եկեղեցու մասնակցությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում