Անցկացվել է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Դուքենդո ֆեդերացիայի ավանդական հուշամրցաշարը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ երջանակահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի կողմից արդեն ավանդական դարձած հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: 2008թ-ից անընդմեջ կազմակերպվող հուշամրցաշարի անցկացման նպատակը, կազմակերպիչների խոսքով, երեխաների ֆիզկական պատրաստվածությունը ստուգելուն զուգահեռ, նրանց մեջ նաև հայրենասիրության ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումի սերմանումն է:

Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին՝ ֆեդերացիային մշտապես աջակցելու և միջոցառմանը մասնակցելու համար, Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը հուշամրցաշարի կազմակերպման և անցկացման գործում ունեցած ներդրման համար քաղաքապետ Տարոն Մարգարյանին «Անդրանիկ Մարգարյան» խորհրդանշական հուշանվեր է հանձնել:

Ողջունելով հուշամրցաշարի մարզիչներին ու մարզիկներն, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման անցկացման համար և ընդգծել, որ քաղաքապետարանը պատրաստակամ է մշտապես աջակցելու մայրաքաղաքի մարզամշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին. «Ուրախալի է, որ այս մարտարվեստը մի շարք մարզաձևերից տարբերվում է իր փիլիսոփայությամբ ու էթնո մտածողությամբ: Շատ հպարտ ենք, որ այս մրցաշարը մեծանուն պետական գործիչ Անդրանիկ Մարգարյանի անվան է: Որովհետև այն մարդիկ, ովքեր իրենց հոգին ու մարմինը կերտողն են, կրթողն են, այո՛ պիտի առաջնորդվեն Անդրանիկ Մարգարյանի գաղափարախոսությամբ, նրա ուսանած և մեզ փոխանցած ժառանգությամբ, իսկ դրա մեջ առաջնայինն, անշուշտ, հայրենասիրությունն է: Այսօր այն ոգին, որ ձեզանում առկա է, հաստատ նպաստելու է մեր հայրենիքին և իր իսկ խոսքերով ասած մեր Էրգրին: Եվ համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Երևան քաղաքում սպորտային յուրաքանչյուր լուրջ միջոցառման ջատագովն ու աջակիցն է միշտ»,- ընդգծել է Արամ Սուքիասյանը:

Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողության շրջանակում մարզաձևի մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով: Իսկ մրցաշարի մենամարտերը մեկնարկել են «Եթե որևէ նպատակ ես դնում, ապա դրան պետք է հասնել բարոյական կանոնների համաձայն» ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքերով, որն այս հուշամրցաշարի կարգախոսն էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում