Քարվաճառում հիմնվել է բարեգործական կազմակերպություն

ԼՂՀ Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում 2014 թվականի մարտի հինգից սկսել է գործել «Պատրիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը: Կազմակերպության անվանումը լատիներենից թարգմանաբար նշանակում է հայրենիք:

Կազմակերպության հիմադիրն ու տնօրենը Քարվաճառի բնակչուհի Ռոզա Սերոբյանն է:

«Բարեգործական կազմակերպությունը հիմնելիս նպատակ ենք ունեցել նպաստել ԼՂՀ Շահումյանի շրջանի բնակչության կենսապայմանների համակողմանի բարելավմանը’ տարբեր ուղղվածության բարեգործական ծրագրեր ու նախաձեռնություններ իրականացնելու միջոցով», մեզ հետ զրույցում նշեց Ռոզան:

Կազմակերպությունն իր առջեւ խնդիր է դրել նաեւ շրջանի բնակիչների հետ մշտական փոխադարձ կապ պահպանելու միջոցով տեղեկանալ նրանց ընտանեկան եւ համայնքային հրատապ խնդիրներին եւ հնարավորինս աջակցել դրանց լուծմանը: Բնակիչներին օգնելու գործընթացին կարող են ներգրավվել նաեւ շահագրգիռ այլ անհատ անձինք ու կազմակերպություններ:

Բարեգործական ծրագրերն իրականացվելու են բարերարի հովանավորությամբ, ում անունն առայժմ Ռոզան նշել չցանկացավ:

Խոսելով ծրագրերից’ կազմակերպության տնօրենը նշեց, որ առաջիկայում նախատեսվում է օգնություն տրամադրել շրջանի մինչեւ 14 տարեկան այն երեխաներին, ովքեր մեծանում են առանց հայրական խնամքի:

«Այս ծրագիրն արդեն ընթացքի մեջ է, համայնքապետարանների օգնությամբ հավաքագրվում է անհրաժեշտ տեղեկատվություն երեխաների մասին, օրերս օգնությունը կտրամադրվի», նշեց մեր զրուցակիցը:

Օգնություն կտրամադրվի ինչպես Քարվաճառում, այնպես էլ’ շրջանի գյուղական համայնքներում առանց հայրական խնամքի մեծացող երեխաներին:

Կազմակերպությունն առաջիկայում կիրականացնի հիմնականում սոցիալական ծրագրեր’ նպատակ ունենալով թեթեւացնել շրջանի բնակիչների հոգսերն ու նպաստել տարածքի զարգացմանը:

Նշենք, որ Շահումյանի նոր վերաբնակեցվող շրջանում բարեգործական կազմակերպությունը հաստատ անելիք ունի եւ հուսանք, որ դրա գործունեւությունը շրջանում երկարատեւ ու արդյունավետ կլինի:

Թամարա Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում