Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլ է խաղում կյանքը վայելելու եւ ոչ հայտնի լինելու համար

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը գերմանական Der Western պարբերականի հետ զրույցում անդրադարձել է իր ֆուտբոլային փիլիսոփայությանը: «Ես ֆուտբոլ չեմ խաղում հայտնի լինելու համար, այլ’ կյանքը վայելելու համար: Ֆուտբոլն իմ կյանքում ամեն ինչ է: Ես չեմ պատկերացնում կյանքս առանց ֆուտբոլի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ շեշտել է Մխիթարյանը:

«Երբ ես փոքր էի, կարծում էի, որ ֆուտբոլ խաղալը բավականին հեշտ գործ է: Սակայն մեծանալով հասկացա, որ ֆուտբոլն ավելի շատ որակավորում է պահանջում: Դու պետք է անընդմեջ մտածես»,-առանձնացրել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մխիթարյանը դեռ կապի մեջ է իր ուկրաինացի նախկին խաղընկերների հետ կիսապաշտպանը նշել է. «Ես շատ ընկերներ ունեմ այնտեղ: Մենք խոսում ենք այս կամ այն թեմաներով, սակայն չենք խոսում քաղաքականության մասին: Դա մեր գործը չէ: Իսկապես հույս ունեմ, որ ամեն ինչ կկարգավորվի Ուկրաինայում»,-ասել է հայ ֆուտբոլիստը:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվեց Դոնեցկի «Շախտյոր»-ից: Նրա տրանսֆերը ամենաթանկն է գերմանական ակումբի պատմության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում