Շահեն Մեղրյանն անմահացավ 21 տարի առաջ

Շահեն Մեղրյանն անմահացավ 21 տարի առաջ

Այսօր լրացավ Շահեն Մեղրյանի մահվան 21-րդ տարելիցը: Նա ծնվել է 1952 թ. հունվարի 2-ին Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում: 

«Գետաշենի վիճակը վատ է, Երևանի օդանավակայանում հինգ օդանավ կա, բայց մեկն է թռիչք կատարում դեպի Գետաշեն, որովհետև Մոսկվայից թուղթ է պետք: ՀՀՇ կազմակերպությունն ազգային խնդիրները թողած Երևանում զբաղված է իշխանության գալու գործերով, մինչդեռ պետք է ձեռքը մի լավ սեղանին խփել և ասել Գորբաչովներին ինչ պետք է: Ադրբեջանը թուրքական քաղաքականության շարունակությունն է, նրանց հետ քաղցր լեզվով չի կարելի խոսել: Ինչպես կարելի է այսպես մտածել, երբ Մութալիբովը գալիս է Արցախ ու հայտարարում, թե այս հողերն ու տներն իրենք մեզ վարձով են տվել, և մենք պիտի դուրս գանք, եթե չգանք’ կհանեն: Դե, հիմա սրանց հետ ոնց խոսե՞ս: Գետաշենը մեր հողն է, բայց ոչ մի լուրջ աջակցություն չենք ստանում»,- մի առիթով ասել էր Շահենը, որի մասին հիշեցրեց կապույտ էկրանից:

Շահեն Մեղրյաին մարտական ուղին սկսվել է 1988 թ.: Այն ժամանակ Շահենը առաջիններից էր, որ զգաց, թե առանց մարտական ջոկատների անհնար է պաշտպանել շրջանը և սկսեց կազմակերպել զինված ջոկատներ: 1990 թ. հունվարի 9-ին շրջանի ղեկավարությունը ամբողջությամբ գերի է վերցվում թշնամու կողմից’ Մարտունաշենի ճանապարհին: Շրջանի ինքնապաշտպանության առաջին գործողությունը տեղի ունեցավ Մանաշիդ գյուղում, 1990 թ. հունվարի 12-13-ին, երբ ադրբեջանցիները փորձեցին գյուղը տեղահանել, շրջանի նորաստեղծ խմբերը հետ շպրտեցին նրանց գյուղի սահմաններից: Թշնամին մեծ կորուստներ տվեց այդ մարտում: Շահենը Շահումյանի շրջանի և Գետաշեն-Մարտունաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարն էր: 1991 թ., Շահենը’ իր ջոկատների հետ կազմակերպեց օպերացիա, որի արդյունքում սեպտեմբերի 11-13-ին ազատագրվեցին Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը:

Մինչև շրջանի անկումը, շրջանի ամբողջ ճակատով, եղել են ընդհարումներ: 1992 թ.հունիսի 13-ին բռնի տեղահանումից հետո, Շահենը կարողացավ Հաթերք գյուղում իր շուրջը հավաքել մի խումբ տղաներ’ թվով 25 հոգի և այդ տղաների հետ մտավ թշնամու թիկունք: Այդպես սկսվեց հայդուկային շարժումը ԼՂՀ հյուսիսային մասում: Հայդուկների անմիջական օգնությամբ ազատագրվեցին Մարտակերտի մի շարք գյուղեր’ Հաթերքը, Ակնաբերդը, Մադաղիսը, Տոնաշենը, Դաստագիրը, Սարսանգի ջրամբարը: Գյուրան բոյի պարտությունը Սարսանգի ջրամբարի մոտ, թե ինչպես էին ադերբեջանցիները խուճապահար փախչում, նկարահանել է օպերատոր Նևզորովը և ցուցադրել ՌԴ հեռուստաալիքներով: Այդ հաղթանակը Շահենինն էր ու իր հայդուկներինը: 1993 թ. ապրիլին ազատագրվեց Գյուլիսատնը և գրավեցին դեպի շրջան տանող բոլոր բարձունքները: Շահենը պատրաստվում էր ՀՀ գալուց հետո ազատագրել հարազատ շրջանը: Բայց, ավաղ, 1993 թ. ապրիլի 17-ին, երբ ուղղաթիռով իր մի քանի տղաների հետ գալիս էր Երևան, ուղղաթիռը խփվեց … բոլորը զոհվեցին:
1993 թ. ամսին ՀՀ ՊՆ կողմից ստեղծվեց զորամաս, որի հրամանատար նշանակվեց Շահեն Մեղրյանը: 1993 թ. հունիսի 15-ին ՀՀ ՊՆ թիվ 314 հրամանով զորամասն անվանակոչվեց «Շահեն Մեղրյան» հատուկ նշանակության ջոկատ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում