ԱԺ պատգամավորը նոր Կառավարությունից «քաղաքական թարմություն» է ակնկալում

ԱԺ պատգամավորը նոր Կառավարությունից «քաղաքական թարմություն» է ակնկալում

Հայաստանի ներքաղաքական կյանքում կատարվող գործընթացները կարող են «քաղաքական թարմություն» բերել մեր պետությանը։ Նոր ձևավորվող կառավարությունը և ընդդիմադիր դաշտում կատարվող փոփոխությունները կնպաստեն դրան։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» ՀԿ համանախագահ Տաճատ Վարդապետյանը՝ նշելով, որ դրական ակնկալիքներ ունի այս գործընթացներից։ «Լավ ճանաչելով նորընտիր վարչապետին և իմանալով նրա կազմակերպչական ունակությունները՝ ակնկալում եմ, որ նորակազմ Կառավարությունը բարձր արդյունավետություն կգրանցի։ Նաև հույս ունեմ, որ քաղաքական դաշտում հանդուրժողականության մթնոլորտ կձևավորվի, ձեռքսեղմումի պրոցես կգնա, և ուս ուսի տված պետության շահերի շուրջ կմիաբանվեն քաղաքական տարբեր ուժերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա։ 

Խոսելով այն մասին, որ երեկ «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարեց կոալիցիայից դուրս գալու մասին՝ Վարդապետյանը նշեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր աշխատաոճը։ «Իսկ ինչ վերաբերում է նախարարների՝ կուսակցությունից դուրս գալու որոշմանը, դա նույնպես ներկուսակցական փոխհարաբերությունների օրինակ է։ Քաղաքական ուժը որոշում է կայացրել, և ես այդ որոշմանը հարգանքով եմ վերաբերվում։ Թեև, ինչ խոսք, անակնկալ էր այդ որոշումը, քանի որ դրա համար, կարծես թե, նախադրյալներ չկային»,-ասաց Վարդապետյանը։

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստերում հաստատվեց և ապրիլի 14-ին հայտարարվեց Հայաստանի նոր վարչապետի անունը։ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը ստանձնեց Կառավարության ղեկավարի պաշտոնը։ Ավելի վաղ՝ ապրիլի 3-ին, ՀՀ նախագահն ընդունել էր Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմումը։

ՕԵԿ-ն ապրիլի 16-ին հայտարարեց, որ կոալիցիոն կառավարությունում մնալը ոչ նպատակահարմար եւ խնդրահարույց է համարել, իսկ կուսակցության քվոտայով գործադիրում գտնվող նախարարները որոշում են կայացրել լքել կուսակցությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում