ՀՅԴ-ն նոր ձևավորվող կառավարության մաս չի կազմի

ՀՅԴ-ն նոր ձևավորվող կառավարության մաս չի կազմի

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կշարունակի գործել ընդդիմադիր դաշտում’ ձգտելով հանրությանն ու քաղաքական ուժերին համախմբել իր դավանած ազգային-պետական արժեքների շուրջ: Այս մասին նշված է ՀՅԴ ԳՄ տարածած հողադրագրության մեջ, որում ասված է.

«Գիտակցելով իր ամբողջական պատասխանատվությունը կուսակցության վերջին շրջանի քաղաքականության համար’ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, կազմակերպության Գերագույն ժողովից առաջ, անհրաժեշտ է համարում հանրությանը ներկայացնել իր դիրքորոշումները երկրում ստեղծված նոր իրավիճակի վերաբերյալ:

Այսօր Հայաստանի Հանրապետությունը ներքին ու արտաքին բարդագույն մարտահրավերներ է դիմագրավում: Իշխանությունների վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության հետեւանքով մեր քաղաքացիների գերակշիռ մասը կորցրել է վստահությունն ապագայի հանդեպ եւ արմատական բարեփոխումներ է պահանջում: Մեր համոզմամբ’ առկա խնդիրները հնարավոր է լուծել երկրում համերաշխության մթնոլորտ ձեւավորելու, հասարակական-քաղաքական համախմբում առաջացնելու միջոցով:

ՀՅ Դաշնակցությունը ձեւակերպել է համակարգային փոփոխությունների, նոր որակի պետություն ստեղծելու, արդյունավետ կառավարում ապահովելու իր պատկերացումները, որոնք ամփոփված են քաղաքական ու տնտեսական առաջադրանքների յոթ կետանոց փաթեթում: Վստահ ենք’ դրանց քայլ առ քայլ, բայց ամբողջական իրականացումը երկիրը դուրս կբերի ծանրագույն վիճակից եւ մեր քաղաքացիների համար ազատ ու բարեկեցիկ կյանք կերաշխավորի: Մենք հետեւողականորեն պահանջելու ենք այդ ծրագրի կենսագործումը’ ձգտելով մեր սկզբունքների շուրջ համախմբել հասարակությա ն լայն զանգվածներին ու քաղաքական ուժերին:

Այս հանգրվանում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը որդեգրում է հետեւյալ մոտեցումները’ մաս չկազմել նոր ձեւավորվող կառավարությանը, հետեւել իշխանության եւ կառավարության գործողություններին, նրանց հանդեպ մեր վերաբերմունքն ու գործակցության ձեւաչափը պայմանավորել առաջարկված փաթեթի իրագործման աստիճանով, շարունակել գործել ընդդիմադիր դաշտում’ մի կողմից ձգտելով հանրությանն ու քաղաքական ուժերին համախմբել մեր դավանած ազգային-պետական արժեքների, մեր առաջարկած լուծումների շուրջ, մյուս կողմից’ փորձելով մեր երկիրը զերծ պահել ցնցումներից ու անկայունությունից:

Մեր նպատակը եղել եւ մնում է Հայաստանի պետականության հզորացումը, մեր քաղաքացիների արժանապատիվ, բարեկեցիկ կյանքը: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը այս դիրքորոշումները հանձնում է հանրությանն ու մեկնարկելիք Գերագույն ժողովին’ բնականաբար բոլոր հարցերի վճռահատումը թողնելով հայաստանյան կազմակերպության բարձրագույն ժողովին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում