Կյանքից հեռացել է Գաբրիել Գարսիա Մարկեսը

Կյանքից հեռացել է Գաբրիել Գարսիա Մարկեսը

Հանրահայտ կոլումբիացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիլ Գարսիա Մարկեսը մահացել է 87 տարեկանում: «Արմենպրես»-ի փոխամցմամբ’ ինչպես գրում է ITAR-TASS-ը, մահվան լուրը հաստատել է Մեքսիկայի Մշակույթի ու արվեստի ազգային խորհրդի նախագահ Ռաֆայել Տովարը: Նրա խոսքով’ գրողը մահացել է Մեքսիկայի հարավային շրջաններից մեկում գտնվող իր առանձնատանը: Բժիշկները ու ընտանիքի անդամները դեռևս չեն նշում մահվան պատճառը: Գաբրիել Գարսիա Մարկեսը ապրիլի 8-ին դուրս էր գրվել հիվանդանոցից. նա հոսպիտալացվել էր մարտի 30-ին:

Հանրահայտ «Հարյուր տարվա մենություն» վեպի հեղինակ Գաբրիել Գարսիա Մարկեսը ծնվել է 1927 թվականի մարտի 6-ին կոլումբիական փոքրիկ Արակատակա քաղաքում’ Էլիխիո Մարկեսի և Լուիզա Սանտյագո Մարկեսի ընտանիքում: 1950-1954 թթ. Մարկեսն աշխատել է որպես լրագրող, Էլ Հերալդո թերթում վարել է սեփական սյունը:

Գրականության բնագավառում 1982 թ. դարձել է Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Առավել հայտնի են նրա «Գնդապետին ոչ ոք չի գրում», «Չարաբաստիկ ժամը», «Սերը ժանտախտի ժամանակ» վեպերը։ Գրողին համաշխարհային ճանաչում է բերել և լատինաամերիկյան ու համաշխարհային գրականության գլուխգործոց է համարվում «Հարյուր տարվա մենություն» վեպը’ գրված 1967-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում