Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ստել քաղբանտարկյալների մասին

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ստել քաղբանտարկյալների մասին

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ստել, թե իրենց երկրում քաղաքական բանտարկյալներ չկան:

Ադրբեջանի խորհրդարանի այսօրվա նիստում բարձրացվել է Nida երիտասարդական շարժման անդամների նկատմամբ դատավարության հարցը: Ելույթ ունենալով նիստում’ պատգամավոր Իգբալ Աղազադեն Nida շարժման մասնակիցների նկատմամբ դատախազի կողմից խիստ պատիժ պահանջելը քաղաքական պատվեր է անվանել: Նա անտեղի է համարել երիտասարդներին խիստ պատժելու դատախազի պահանջը եւ շարժման անդամների դեմ բացված դատական գործը բնութագրել քաղաքական հա րց:

Պատգամավորին առարկել է ադրբեջանական խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆաթ Ասքերովը: «Ադրբեջանում քաղաքական բանտարկյալներ չկան, կան կոնկրետ հանցագործությունների համար պատասխանատվության կանչվածներ», -հայտարարել է նա:

Ադրբեջանի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, իրավապաշտպան Լեյլա Յունուսն օրերս Բաքվում կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Ադրբեջանում 97 քաղաքական կալանավորներ եւ 38 «խղճի բանտարկյալներ» կան: Նրա խոսքով, քաղաքական դրդապատճառներով ձերբակալված 116 մարդու նկատմամբ դատարանն արդեն վճիռ է կայացրել, 12 մարդու գործերը գտնվում են դատարանում, եւս 6 մարդու նկատմամբ հետաքննությունը շարունակվում է:

Իրավապաշտպանը նշել է, որ նրանք բոլորը բանտարկվել են շինծու մեղադրանքներով այն բանի համար, որ համարձակվել են քննադատել իշխանություններին:

Իրենց հերթին Ադրբեջանի իշխանությունները հերքում են երկրում քաղաքական բանտարկյալների առկայությունը եւ նշում, որ դատապարտվածները պատիժ են կրում կատարած հանցագործությունների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում