Նորանշանակ էկոնոմիկայի նախարարը ներկայացվել է աշխատակազմին

Նորանշանակ  էկոնոմիկայի նախարարը  ներկայացվել է աշխատակազմին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանին: Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Վահրամ Ավանեսյանին համատեղ աշխատանքի և փոխգործակցության համար և նշել, որ Ավանեսյանն ապագայում ևս պետք է իր գիտելիքներն ու փորձն օգտագործի մեր երկրի զարգացման գործում:

«Գտնում եմ, որ պարոն Ճշմարիտյանի նշանակումը տեղին է: Նա երկար տարիներ աշխատել է կառավարությունում և Ազգային ժողովում: Համոզված եմ, որ նրա փորձն ու գիտելիքները կօգնեն մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը: Յուրաքանչյուր նախարարի առջև դրված խնդիրները հստակ են, և նրանք պետք է շարունակեն այն բոլոր բարեփոխումները, որոնք իրականացվում են: Ակնկալում ենք ավելի մեծ եռանդ ու ջանք, որպեսզի կարողանանք մեր երկրի, տնտեսության առջև ծառացած խնդիրները միասնական ուժերով հաղթահարել»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է Կարեն Ճշմարիտյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր աշխատանք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում