Թուրքիայում ձերբակալվել են Սիրիա անցնել փորձած երեք ադրբեջանցիներ

Թուրքիայում ձերբակալվել են Սիրիա անցնել փորձած երեք ադրբեջանցիներ

Թուրքիայի Քիլիսի նահանգի Աշաղըբեյլերբեյլի գյուղի մոտ թուրք սահմանապահները ձերբակալել են Սիրիայի հետ Թուրքիայի սահմանն անլեգալ կերպով անցնելու փորձ կատարած 8 մարդու, որոնցից 3-ը Ադրբեջանի քաղաքացիներ են եղել: Ադրբեջանի ձերբակալված քաղաքացիների անունները չեն հրապարակվել: Ձերբակալվածները հանձնվել են ոստիկանությանը երկրից արտաքսվելու համար: Այս մասին  հայտնում է APA լրատվական գործակալությունը:

Թուրքական ոստիկանությունը հայտնել է, որ վերջին շրջանում ուժեղացվել է թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը’ սահմանի ապօրինի հատումները կանխելու համար:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 200-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ. մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում:

Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014 թ. ընթացքում սպանված Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների թիվն արդեն գերազանցում է 80-ը: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների’ Թուրքիայի վրայով Սիրիա անցնելու փաստը

Հետևեք մեզ նաև Telegram-ում