Սևանից մի կաթիլ ջուր անգամ Ադրբեջան չի գնում. ՀՀ Նախագահ

Սևանից մի կաթիլ ջուր անգամ Ադրբեջան չի գնում. ՀՀ Նախագահ

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում պատասխանեց Սևանա լճի հետ կապված ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանի մտահոգությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր ելույթում ակադեմիկոսը մտահոգությու ն հայտնեց, որ Ազգային ժողովը կողմ է քվեարկել նախագծին, որով նախատեսվում է ավելացնել Սևանա լճից կատարվող ջրի բացթողումների ծավալը: Ակադեմիկոսը նաև կարծիք հայտնեց, թե այդ բաց թողնված ջուրը գնում է Ադրբեջան: Պատասխանելով ակադեմիկոսի դիտարկմանը՝ ՀՀ Նախագահը վստահեցրեց, որ Սևանից մի կաթիլ ջուր անգամ Ադրբեջան չի գնում:

Ջրբաշյանի մտահոգությանն անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով կոչ արեց Սևանա լճի վերաբերյալ մասնագիտական խոսք ասել, այլ ոչ թե հուզական: «Ազգային ժողովը Սևանի մասին օրենք է ընդունել, որով սահմանված է, թե ամեն տարի որքան պետք է բարձրացվի Սևանա լճի մակարդակը: Այդ հիմնավորումներն արել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան: Մենք ի՞նչ է, ամեն տարի պետք է հիմնավորումներ անե՞նք: Եթե ցանկանում եք, կանենք ամեն տարի, սակայն դա գիտական մոտեցում չէ»,- ասաց Նախագահ Սարգսյանը:

Նախագահը նշեց, որ ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովը, ակադեմիայի կատարած ուսումնասիրությունները հիմք ընդունելով, նախատեսել է ֆինանսական միջոցներ, այդ միջոցները ներդրվել են և ծրագիրն առաջ է շարժվում: «Այսօր մենք այդ ծրագրի բավականաչափ առաջընթաց ունենք: Եվ եթե կապված բնակլիմայական պայմանների հետ’ խնդիրներ են առաջացել, ի՞նչ եք առաջարկում՝ որպեսզի Արարատյան դաշտը չորանա՞, որպեսզի այս տարի բերք չունենա՞նք»,- ասաց Նախագահ Սարգսյանը՝ ընդգծելով, որ ամեն ինչ հարկավոր է օգտագործել խնայողաբար, օգտագործել այնպես, որ վնաս չհասցվի:

Սերժ Սարգսյանը ակադեմիկոս Ջրբաշյանին ևս մեկ անգամ կոչ արեց Սևանի մասին գիտական խոսք ասել, այլ ոչ թե շահարկել այդ թեման: «Մեր միակ խնդիրը մեր երկրի զարգացումն է: Իհարկե, սերունդների մասին էլ պետք է մտածենք, իհարկե մեր երկրի զարգացումը պետք է ուղեկցվի առանց վնասների, սակայն չի կարելի ուղղակի շահարկել այս թեման, ես խնդրում եմ Սևանի մասին գիտական խոսք ասել»,- եզրափակեց Նախագահը՝ ընդգծելով, որ թեմային անդրադարձավ, քանի որ նկատեց դահլիճում դրա նկատմամբ հետաքրքությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում