Հայոց ցեղասպանության հարցի շուրջ փոխվել է թուրքական հասարակության, բայց ոչ կառավարության կարծիքը. Արիս Նալչի

Հայոց ցեղասպանության հարցի շուրջ փոխվել է թուրքական հասարակության, բայց ոչ կառավարության կարծիքը. Արիս Նալչի

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին մի շարք միջոցառումներ տեղի կունենան ոչ միայն Ստամբուլում, այլև Անկարայում, Դիարբեքիրում, Անթալիայում, Այնթափում, Տիգարանկերտում: Ապրիլի 23-ին «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ժամանակ, տեսակապի միջոցով այս մասին հայտնեց Թուրքական IMC հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Արիս Նալչին: «2005 թվականը մի կետ էր, որն ամեն ինչ փո խեց Հայոց ցեղասպանության հարցում, Ստամբուլում տեղի ունեցավ համաժողով: Իսկ երբ սպանվեց Հրանտ Դինքը կրկին սկսեց բարձրաձայնվել ցեղասպանության մասին, քրդերը նույնպես միացան հայերին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ նշեց Նալչին: Նրա խոսքով’ արդեն չորրորդ տարին է, ինչ Դերսիմի հրապարակում հավաքներ են անցկացվում, ինչը մեծ քայլ է, սակայն բավարար չէ:

Թուրքական IMC հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավարը շեշտեց, որ ի տարբերություն նախորդ տասնամյակների, այժմ մի շարք կրթական հաստատություններում, համալսարանական շրջանակում ավելի շատ է խոսվում Հայոց ցեղասպանության մասին, և այս գործում իր դերն ունի նաև Թուրքիայի նոր սերունդը:

Նա որպես դրական տեղաշարժ դիտարկեց նաև այն հանգամանքը, որ Քրդական կուսակցության ղեկավարը, իր վերջին ելույթներից մեկում մոտ տասը րոպե անդրադարձ է կատարել նաև Հայոց ցեղասպանության խնդրին: «Մարդկանց շրջանում կան փոփոխություններ, բայց թուրքական կառավարության մեջ շատ բան չի փոխվել, նրանց միտքը նույնն է»,- ընդգծեց Նալչին: Նա հայտնեց նաև, որ Վանում ևս ցույցերի անցկացում է ծրագրված: «Ցեղասպանության ճանաչման համար հավաք անցկացնելը մի բան է, բայց պետք է խոսել նաև հետագայի մասին»,- նկատեց բանախոսը:

Նա նաև տեղեկացրեց, որ այժմ քննարկումներ են տարվում Թուրքիայի տարածքում գտնվող մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասին և բանաստեղծ Եղիշե Չարենցին պատկանող, քանդված վիճակում գտնվող երկու տներում տուն-թանգարաններ կառուցելու վերաբերյալ, սակայն սա դեռևս քննարկման փուլում է, որի ուղղությամբ աշխատանքներ չեն կատարվել:

Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետեւողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի ավելի քան երկու տասնյակ պետություններ, ԱՄՆ-ի 50 նահանգներից 42-ը, ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման եւ փոքրամասնությունների պաշտպանության ստորին հանձնաժողովը, Եվրոպայի խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային կազմակերպությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում