Հրայր Թովմասյանը կողմնակից է Հայաստանում երթևեկության կանոնների խախտման համար վարորդական իրավունքից զրկելուն

Հրայր Թովմասյանը կողմնակից է Հայաստանում երթևեկության կանոնների խախտման համար վարորդական իրավունքից զրկելուն

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը Ազգային ժողովում անցկացվող խորհրադարանական լսումների ժամանակ ներկայացրեց «Վարչական իրավախախտումների մասին» նոր օրենսգրքի նախագծում ակնկալվող փոփոխությունների լուծումները: «Նոր օրենսգիրքը տասնյակ հարցերի հետ միասին պետք է լուծումներ գտնի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված վարչական պատասխանատվություններին: Նախ ագծի ընդհանուր մասը պատրաստ է, հիմա աշխատանքները գնում են հատուկ մասի վրա: Հուսանք, որ աշնանային նստաշրջանում ամողջական փաթեթը կներկայացվի ԱԺ քննարկմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասաց Հրայր Թովմասյանը:

Նրա խոսքով’ նոր օրենսգրքում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար անհրաժեշտ է պատժատեսակների շրջանակը ընդայնել ու ներառել թե զգուշացումը, թե տուգանքը և թե վարորդական իրավունքից զրկումը: «Գործող օրենսգրքում մենք ընդհանուր մասում ունենք զգուշացումը, տուգանքը, որոշակի իրավունքներից զրկումը, սակայն հատուկ մասում որևէ հոդվածով զգուշացում չունենք, այն ամբողջությամբ դուրս է եկել և մնացել է միայն տուգանքը և վարորդական իրավունքից զրկումը, որը պահպանված է մեկ-երկու հոդվածներում: Մնացած հովածներում ունենք բացառապես տուգանք ը որպես պատժատեսակ: Ժամանակին կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար ենք գնացել դրան: Սակայն, գործնականում, վերլուծությունները ցույց են տալիս, որ տուգանքը ոչ միշտ է արդյունավետ միջոց հետապնդվող նպատակներին հասնելու համար»,-ասաց Հրայր Թովմասյանը’ հավելելով, որ լայն կիրառում պետք է տալ վարորդական իրավունքից զրկելուն:

Հաջորդ խնդիրը, որին անդրադարձավ Հրայր Թովմասյանը, սահմանված ժամկետում տուգանքները չվճարելու դեպքում դրանց կրկնապատկման, եռապատկման հարցն է: «Այս դեպքում մենք պետք է գտնենք այնպիսի գործիքակազմ, որ, մի կողմից’ այդքան էականորեն չմեծացվեն տուգանքի չափերը, որ տուգանքների անհամաչափության խնդիր չառաջանա: Մյուս կողմից’ մենք պետք է ունենանք արդյունավետ մեխանիզմներ, որ այս տուգանքները ճիշտ ժամանակին վճարվեն: Դրա լուծման օրինակ կարող է լինել վերահաս վտանգը, որ տուգանքը չվճարելու դեպքում իրավախախտը կզրկվի վարորդական իրավունքից»,-ասաց նա:

Նոր օրենսգրքում փոփոխությունների տեսանկյունից պատասխանատվության անհատականացման հարցն է բարձրացվում: «Ներկայում մենք անհատականացման հնարավորությունը չունենք, ինչը ևս կոռուպցիոն ռիսիկերից խուսափելու նպատակով է որդեգրվել: Մեզ մոտ հետևյալն է, եթե «Ա»-ն խախտում է իրականացնում,ապա նրա համար գործում է «Բ» պատժատեսակը, ու այստեղ հաշվի չի առնվում, թե ով է դա արել, ինչու, ինչ պարագաներում: Քննարկումների արդյունքում կարող ենք որոշել անհատականացման ինչպիսի մոտեցումներ կիրառել: Այս իմաստով մենք կարող ենք կիրառել տարբերակված մոտեցումներ»,-ասաց Հրայր Թովմասյանը’ հավելելով, որ կարելի է ներմուծել քրեական իրավունքում հայտնի, բայց վարչականում անհայտ հանրային աշխատանքի ինստիտուտը:

Նա նաև նշեց, որ փնտրվող լուծումները տարբեր շահագրգիռ կողմերի հետ աշխատանքների արդյունքում են իրենք ստանալու: «Հուսանք, որ այս քննարկումների արդյունքում կունենանք լուծումներ, որոնք, մի կողմից’կապահովեն մեր ճանապարհային երթևեկության անվտանգությունը, մյուս կողմից էլ’ կընդունվեն այնպիսի գործիքներ, որոնք կծառայեն մեր առջև դրված նպատակներին»,-եզրափակեց Հրայր Թովասյանը:

Ապրիլի 23-ին Ազգային ժողովում անցկացվում է «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը և ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը» թեմայով խորհրդարանական լսումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում