«Ուրբաթախոս» Էրդողանը նոր քարոզչական վտանգներ է ստեղծում մեզ համար

«Ուրբաթախոս» Էրդողանը նոր  քարոզչական վտանգներ է ստեղծում մեզ համար

Մոտենում է ապրիլի 24-ը և թուրքական իշխանությունները վերջապես որոշեցին 99-ամյա լռությունից հետո խոսել իրենց եղեռնագործ նախնիների հանցանքների մասին: Թուրքական Sabah թեթրը տեղեկատվություն տարածեց, որ Ապրիլի 24-ին Թուրքիայի կառավարությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հանդես կգա հայտարարությամբ: Այն 9-ը լեզուներով, այդ թվում նաև արևելահայերեն և արևմտահայերեն, կտեղադրվի Թուրքիայի կառավարության պաշտոնական կայքում:

Սակայն անհամբեր Էրդողանն աշխարհով մեկ սփռված հայությանն իր խոսքն ուղղեց դեռևս ապրիլի 23-ին: Ուշագրավ է, որ հայկական որոշ կայքեր Էրդողանի ելույթի հայերեն տարբերակն առանց հապաղելու միանգամաից սկսեցին տարածել: Սակայն տարօրինակ է այն հանգամանքը, որ հայտարարության հայերեն տարբերակը տրամադրված է Թուրքիայի կառավարության կողմից և  քիչ նմանություն ունի հայերենի ձևաբանական և շարահյուսական կառուցվածքների հետ: «Ուրբաթ»-ի լեզվով գրված տեքստն արդեն իսկ կասկածներ է առաջացնում Էրդողանի սրտաճմլիկ ճառի անկեղծության նկատմամբ:

Իր խոսքում Էրդողանը 20-րդ դարասկզբի իրադարձությունների հետևանքով կյանքից զրկված հայերի հոգիներին հանգստություն է մաղթել, իսկ նրանց թոռներին ՝ ցավակցություն հայտնել։

Հայտարարության մեջ նշվում է, որ հայ քաղաքացիների և աշխարհի բոլոր հայերի համար կարևոր նշանակություն ունի ապրիլի 24-ը։

Դրա հետ միասին Էրդողանը շեշտում է, թե նախորդ դարասկզբին’ Օսմանյան կայսրության վերջին տարիները «անհերքելի դժվար ժամանակաշրջան էր կայսրության միլիոնավոր բոլոր քաղաքացիների’ լինի թուրք, քուրդ, արաբ, հայ կամ այլ ազգության»: Նրա կարծիքով’ հասկանալու համար այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած բոլոր ցավերը, պետք չէ այն դիտել «կրոնական եւ ցեղային արմատի պրիզմայով», քանի որ, ինչպես, ըստ նրա’ ժողովուրդն է ասում’ «կրակն ընկած տեղն է վառում»:

Էրդողանը մարդկության պարտքն է համարում «ինչպես Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիների, այնպես էլ հայերի’ այն շրջանում ունեցած ցավերն այսօր էլ հիշելը, հասկանալն ու կիսելը», որը, նրա խոսքով’ «բազմակարծության, ժողովրդավարական մշակույթի եւ արդիության պահանջն է»:

Շեշտադրելով «անցյալը հարգելու, ապագան միասին կառուցելու» վրա, Էրդողանն «անընդունելի» է համարում «1915 թ-ի իրադարձությունները Թուրքիայի դեմ որպես պատրվակ օգտագործելն ու քաղաքական բախման թեմա դարձնելը»:

«Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները բոլորիս ընդհանուր ցավն է: Այդ ցավալի պատմությանը արդարացի հիշողության հեռանկարով նայելը մարդկային եւ գիտական պատասխանատվություն է», -նշում է նա:

Էրդողանը կրկին նշում է իր կողմից նախկինում առաջ քաշված’ չարչրկված առաջարկն այն մասին, թե անհրաժեշտ է պատմաբաններից կազմված միասնական հանձնաժողով ստեղծել’ 1915 թ. իրադարձությունները «լուսաբանելու եւ պատմությունը ճիշտ հասկանալու» համար: Նրա խոսքով’ դրա համար Թուրքիան բացել է իր բոլոր արխիվները’ «հետազոտողների օգտագործման համար»:

Իհարկե, գնահատելի է, որ Էրդողանը քաջություն է ունեցել և անդրադարձել է Թուրքիայի պատմության արյունալի և մեզ համար ողբերգական էջին, սակայն նրա ելույթը վկայում է տեղեկատվական հարթությունում մեզ սպառնացող նոր վտանգի մասին: Էրդողանը Հայոց ցեղասպանությունը ներկայացնում է որպես առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կատարված ոճիր, որը իրականացվել է ոչ միայն հայ ազգաբնակչության նկատմամբ: Ստացվում է աշխարհին  է մատուցվում  տեղեկատվություն, որը կտրված է կոնտեքստից և ձևակերպված է թուրքական շահերի տրամաբանությամբ:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում