«168 ժամ». Հայաստանի տնտեսությունը հենց Ճշմարիտյանի օրոք վերածվեց պորտաբույծի

«168 ժամ». Հայաստանի տնտեսությունը հենց Ճշմարիտյանի օրոք վերածվեց պորտաբույծի

Թերթը ծավալուն հոդված է ներկայացրել «Կարեն Ճշմարիտյանի հերոսական անցյալը» վերնագրով։ Tert.am-ը ներկայացրել է այն կրճատումներով։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում.

«Կարո՞ղ է, սակայն, նոր (պայմանականորեն ասած) նախարարը լուծել այդ խնդիրը: Կարեն Ճշմարիտյանը բավականին երկար է զբաղեցրել էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, իհարկե, այն ժամանակ դա ուրիշ անվանում ուներ։ 1999–2002թթ. նա արդյունաբերության և առևտրի նախարարն էր, որից հետո նախարարությունը վերանվանվեց առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն։ Ճշմարիտյանն այն ղեկավարեց մինչև 2007 թվականը։

Միանգամից ասենք, որ Կարեն Ճշմարիտյանը հպարտանալու տեղ ունի, երկնիշ տնտեսական աճը հենց նրա օրոք էր տեղի ունենում։

Սա լուսավոր կետն էր, սակայն ոչ լուսավոր կետերն ավելի շատ են: Հենց Ճշմարիտյանի օրոք դրամը սկսեց շատ արագ արժևորվել: Այսպես, 2003-ին դոլարի միջին փոխարժեքը 578.77 դրամ էր: 2007թ. վերջին դոլարն արժեր արդեն 304.22 դրամ:
Եթե 2002–2003թթ. արդյունաբերությունն աճում էր տարեկան ավելի քան 14%-ով, ապա 2004 թվականից սկսեց անկման տեմպը։ Իսկ 2006-ին արձանագրվեց անգամ արդյունաբերական արտադրանքի 0.9% անկում։ Դրա համար էլ շատերը խորհրդանշական էին համարում, որ հենց Ճշմարիտյանի օրոք նախարարության անվանման միջից վերացավ «արդյունաբերություն» բառն ու փոխարինվեց «առևտուր» բառով:

Սակայն առևտուրն էլ հայտնվեց աննախանձելի վիճակում: 2007-ին արդեն արտահանման աճը 17.5% էր, իսկ ներմուծումը՝ 49.7%; Արդյունքում՝ արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 2007-ին գերազանցեց 2 միլիարդ դոլարը: Հայաստանի տնտեսությունը հենց Ճշմարիտյանի օրոք վերածվեց պորտաբույծի, որտեղ ոչինչ չեն արտադրում: Ներմուծում են, դրսից ստանում տրանսֆերտներ ու սպառում ներմուծածը: Այսինքն՝ Կարեն Ճշմարիտյանի ղեկավարած նախարարությունն ավելի ճիշտ կլիներ կոչել ոչ թե՝ առևտրի և տնտեսական զարգացման, այլ՝ ներմուծման և տնտեսական պորտաբուծության նախարարություն:

Լավ, ընդունենք, որ փոխարժեքը նախարարի տիրույթում չէր, դրա պատասխանատուն Կենտրոնական բանկն էր, իսկ մյուս՝ շինարարության հարցո՞ւմ … 2002-ից սկսած՝ Հայաստանում շինարարությունը դարձավ տնտեսության շարժիչ ուժը՝ տարեկան ապահովելով միջինը 35% աճ; 2002–2007թթ. ընթացքում շինարարության ծավալն աճեց 5 անգամ։ Արդյունքում՝ ստեղծվեց տնտեսության մի կառուցվածք՝ շինարարության մեծ տեսակարար կշռով, որը հաջորդ կառավարության կողմից անվանվեց հիվանդ և խոցելի։

Ինչպես կասեր Տիգրան Սարգսյանը, այդ տարիներին էր փչվում շինարարակ փուչիկը»,–գրում է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում