Քաղաքական բոլոր ամբիցիաները պետք է դնենք մի կողմ և հասկանանք, որ կա հայրենիք, որն ամեն ինչից վեր է. Հրայր Թովմասյան

Քաղաքական բոլոր ամբիցիաները պետք է դնենք մի կողմ և հասկանանք, որ կա հայրենիք, որն ամեն ինչից վեր է. Հրայր Թովմասյան

Աշխարհն ուժեղների աշխարհ է, և այնպես չէ, որ աշխարհում արդարություն կարող ես փնտրել և գտնել: Արդարությանը հասնելու համար մենք պետք է ուժեղանանք և հզորանանք: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը: «Ինձ համար ցեղասպանության ճանաչումը շատ ավելի հզոր հայրենիք ունենալն է: Այդ դեպքում աշխարհի բոլոր տերությունները մեզ հետ հաշվի կնստեն, այսինքն’ մենք պետք է անենք այն ամենը, ինչ կախված է մեզնից»:- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Թովմասյանը:

Նրա գնահատմամբ, Քեսաբում տեղի ունեցող դեպքերից հետո սկսեցին հնչել կարծիքներ այն մասին, որ Թուրքիան շարունակում է իր քաղաքականությունը:

«Իսկ ես ցանկանում եմ հարց տալ’ մենք հասկացե՞լ ենք, որ այդ վտանգը կա մեր քթի տակ, իսկ ի՞նչ պետք է անեինք, որ Քեսաբ չլիներ: Այսօր ամեն ինչ պետք է անենք շատ ավելի հզոր երկիր ունենալու համար: Քաղաքական բոլոր ամբիցիաները պետք է դնենք մի կողմ և հասկանանք, որ կա հայրենիք, որն ամեն ինչից վեր է»,- հաստատակամություն է հայտնել Արդարադատության նախարարի պաշտոնակատարը:

Նա պատմել է, որ ինքը ցեղասպանություն ապրած մարդկանց ժառանգ է, և իր պապերը եղել են Բիթլիսի նահանգի փոքրիկ գյուղերից:

«Իմ մյուս պապը, ով ապրել է Հայաստանում և ցեղասպանություն չի տեսել, տանը մշտապես հրացան էր պահում, և երբ հարցնում էին, թե ինչո՞ւ, ասում էր, որ երբեք չգիտես, թե ինչ կարող է լինել: Այդ զգացողությունը, որ վտանգը միշտ կարող է լինել, յուրաքանչյուրի մետ պետք է լինի»,- նշեց Թովմասյանը:

«Արմենսպրես»-ի թղթակցի’ միջազգային ճանաչման համար իրավական լուծման մասին հարցին ի պատասխան նախարարի պաշտոնակատարը կարճ պատասխանեց. «Բարդ է, բայց տեսնում եմ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում