Արթուր Աբրահամ. Ամենակարևորն այն է, որ կարողացա վերադարձնել իմ տիտղոսը

Արթուր Աբրահամ. Ամենակարևորն այն է, որ կարողացա վերադարձնել իմ տիտղոսը

Հայ պրոֆեսիոնալ բռնցքմարտիկ, WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մարտի 1-ին’ Ռոբերտ Շտիգլիցի և մայիսի 3-ին’ չերնոգորցի Նիկոլա Սյեկլոչայի հետ հաղթական մենամարտերից հետո վերադարձել է Հայաստան: Այդ մասին տեղեկացնում է AllSport.am-ը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Աբրահամը պատասխանեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

Հայ մարզիկը նախ անդրադարձավ նախորդ մենամարտերին. «Շտիգլիցի հետ մենամարտը շատ ծանր էր, քանի որ վերանվաճեցի աշխարհի չեմպիոնի տիտղոսը միայն երկու տարի անց: Այդ մենամարտն ինձ համար շատ ավելի կարևոր էր, որովհետև նախորդը լավ չէր ստացվել: Յուրաքանչյուր հաղթանակ իր կարևորությունն ունի: Ուրախ եմ, որ հաղթեցի Շտիգլիցին: Սյեկլոչան շատ ուժեղ բռնցքամարտիկ է, շատ ծանր հարվածներ ուներ: Նրա նկատմամբ էլ տեխնիկական հաղթանակ տարա’ հայկական հնարամտությամբ»:

Սյեկլոչայի հետ մենամարտին Արթուր Աբրահամն առավելապես ակտիվ էր ձախ ձեռքով, ինչի վերաբերյալ տվեց հետևյալ մեկնաբանությունը. «Շտիգլիցի մենամարտից հետո աջ ձեռքիս ջլերը կտրվել էին, փոքր կոտրվածքներ ունեի, դրա համար հիմնականում ձախ ձեռքով էի մենամարտում: Բնականաբար, մարտից առաջ չէինք նշել, որ դժվարանում եմ աջ ձեռքով հարվածել. դա հոգեբանորեն առավելություն կտար հակառակորդիս: Բոլոր պարապմունքներս միայն ձախ ձեռքով էի անցկացնում, սովորել էի: Աջով հարվածներ էի կատարում, բայց շատ դժվար էր: Հիմա էլ դեռ ձեռքս ցավում է»:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին’ Արթուր Աբրահամն ասաց, որ այս տարվա ընթացքում դեռ անցկացնելու է երկու մենամարտ. «Իմ ծրագրերի մեջ մտնում է մինչև տարեվերջ ևս երկու մենամարտ անցկացնելը: Մեկ մենամարտը հաստատ է, մյուսի մասին առայժմ ոչինչ պարզ չէ: Հավանաբար օգոստոսին և դեկտեմեբրին կկայանան: Մրցակիցները դեռ հստակեցված չեն: Այդ հարցերով կզբաղվի իմ մենեջերը: Հիմա Հայաստանում եմ, մի քանի օր էլ կմնամ այստեղ, կհանգստանամ: Հետո կվերադառնամ Գերմանիա ու կվերսկսեմ իմ մարզումները»:

Աշխարհի չեմպիոնն ընդգծեց, որ իրեն դուր է գալիս միշտ հաղթողի կարգավիճակում լինելը. «Ամենակարևոր քայլն այն էր, որ կարողացա վերադարձնել իմ տիտղոսը: Այն ժամանակահատվածը, երբ չեմպիոնական գոտին ինձ մոտ չէր, ինձ համար ամեն ինչ մի փոքր բարդ էր: Հիմա էլ ամենակարևորը գոտու պահպանումն է: Ես սիրում եմ միշտ հաղթող լինել: Եթե չեմ հաղթում, հոգեպես միշտ տխուր եմ լինում: Երբ հաղթում ես, երջանկանում ես ու հագիստ ես լինում»:

Արթուր Աբրահամւ նաև նշեց, որ դեռևս չի ծրագրում կարիերան ավարտելու մասին. «Գալիս է ժամանակ, երբ բոլորն էլ պետք է հրաժեշտ տան սպորտին, բայց ինձ թվում է, որ մեկ կամ երկու տարի դեռ կմնամ սպորտում, հետո արդեն հրաժեշտ կտամ: Ես էլ եմ ուզում այս կյանքից ինչ-որ բան հասկանալ, որովհետև մարզիկի կյանքն այնպիսին է, որ յուրաքանչյուր ժամդ ծրագրած է միայն սպորտի համար: Երիտասարդությունն անցնում է, իսկ դու չես հասցնում վայելել»:

Աբրահամը խոսեց անգամ իսպանական գերակումբների’ «Ռեալի» և «Բարսելոնայի»’ Իսպանիայի առաջնության շրջանակում կայացած խաղից, որին ինքը ներկա է եղել. «Խաղն ինձ վրա սենսացիոն տպավորություն թողեց: Զարմացած էի. «Ռեալը» «Բարսելոնային» տասը հազարից ոչ ավելի տոմս էր տվել: Ես շատ եմ սիրում ֆուտբոլ խաղալ, ֆուտբոլն իմ հոբբին է: Հաճախ եմ գնում ֆուտբոլ նայելու: Հենոյի խաղերին էլ երբեմն գնում եմ: Նրանց վերջին խաղին, Բեռլինում, չկարողացա ներկա լինել, քանի որ Հայաստանում էի, բայց եղբայր էր ներկա: Հայկական ակումբային ֆուտբոլին չեմ հետևում, բայց մեր հավաքականի խաղերին հետևում եմ: Իմ սիրելի ակումբը «Բարսելոնան» է: Սիրում եմ նաև Դորտմունդի «Բորուսսիան», բայց ոչ միայն այն պատճառով, որ Հենոն այնտեղ է խաղում»,-նշեց բռցքամարտիկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում