AllSport.am. «Ռեալը» նվաճեց Եվրոպայում ուժեղագույնի կոչումը

AllSport.am. «Ռեալը» նվաճեց Եվրոպայում ուժեղագույնի կոչումը

Քիչ առաջ Լիսաբոնի «Էշտադիու դա Լուշ» մարզադաշտում ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2013-2014թթ. խաղարկության եզրափակիչ’ «Ռեալ Մադրիդ»-«Ատլետիկո Մադրիդ» դրամատիկ հանդիպումը:

Առաջին խաղակեսում «Ռեալը» համեմատաբար ավելի լավ տպավորություն էր թողնում: Կարլո Անչելոտիի թիմը 32-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցնելու հիանալի հնարավորություն ուներ, սակայն ուելսեցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը չկարողացավ դիպուկ հարված կատարել:

Բեյլը վրիպեց, իսկ մի քանի րոպե անց Դիեգո Սիմեոնեի սաները ցույց տվեցին’ ինչպես պետք է պատժել կոպիտ սխալների համար: 36-րդ րոպեին Խուանֆրանի փոխանցումից հետո Դիեգո Գոդինը գրավեց Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասը:

Երկրորդ խաղակեսում «Ատլետիկոն» բավականին գրագետ խաղ էր ցուցադրում, իսկ «Ռեալի» ֆուտբոլիստները չէին կարողանում շեշտակի հարվածներով զարմացնել Տիբո Կուրտուային. այսպես 45 րոպե շարունակ:

Ավարտված 90 րոպե, գլխավոր մրցավար Բյորն Կույպերսի կողմից ավելացրած 5 րոպե, 90+3… Թվում էր երկու րոպե անց «Ատլետիկոյի» ֆուտբոլիստների ձեռքին տեսնելու ենք Եվրոպայի ուժեղագույն ակումբի համար նախատեսված գավաթը, բայց Սերխիո Ռամոսն այլ կարծիք ուներ: Ավելացված ժամանակահատվածի 3-րդ րոպեին Լուկա Մոդրիչի փոխանցումից հետո իսպանացի պաշտպանը գրավեց Կուրտուայի դարպասը:

«Ռեալի» հոգեբանական առավելությամբ թիմերը խաղը շարունակեցին լրացուցիչ ժամանակահատվածում: Լրացուցիչ ժամանակահատվածի առաջին կեսում գոլեր չեղան, սակայն երկրորդ կեսում’ 110-րդ րոպեին, օրվա լավագույն խաղացողներից Անխել դի Մարիայի ջանքերից հետո Գարեթ Բեյլն առաջ մղեց իր թիմին:

Սա դեռ ամենը չէր. 118-րդ րոպեին Մարսելոն հաշիվը դարձրեց 3:1, իսկ մեկ րոպե անց Կրիշտիանու Ռոնալդուն, հստակ իրացնելով Կուրտուայի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը, ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը:

Այսպիսով’ 12 տարվա դադարից հետո Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայում հաղթահարեց բոլոր արգելքները և նվաճեց Եվրոպայում ուժեղագույնի կոչումը 10-րդ անգամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում