24 տարի առաջ Երևանում խորհրդային բանակի կողմից սպանվեցին 27 ազատամարտիկ և խաղաղ բնակիչներ (տեսանյութ)

24  տարի  առաջ  Երևանում  խորհրդային  բանակի  կողմից  սպանվեցին  27 ազատամարտիկ  և   խաղաղ  բնակիչներ (տեսանյութ)

1990-ի մայիսի 27-ին Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում առավոտյան ժամը 8:30-ի հայկական ինքնապաշտպանական ուժերի և խորհրդային բանակի միջև սկսվեցին մարտեր, որի ժամանակ խորհրդային զինուժի արձակած գնդակներից զոհվեց 6 ազատամարտիկ՝

Արսեն Հարությունյան 1964

Գարեգին Կարապետյան 1966

Սամսոն Հարությունյան 1966

Վազգեն Վարդանյան 1955

Խաչիկ Մալխասյան 1967

Էդիկ Պետրոսյան 1953

Երկաթուղային կայարանից հետո խորհրդային բանակն իր գործողությունները շարունակեց Երևան-Նուբարաշեն խճուղում: Այստեղ սպանվեցին ավելի քան երկու տասնյակ ազատամարտիկ և խաղաղ բնակիչներ:

24 տարի անց հանցագործության կազմակերպիչներն ու կատարողները շարունակում են անպատիժ մնալ:

Կան մարդիկ, այդ թվում՝ զոհվածների հարազատներից, որ 1990-ի մայիսի 27-ին Երևանի երկաթուղային կայարանում և Երևան-Նուբարաշեն խճուղու վրա տեղի ունեցած բախումները համարում են ՀՀՇ-ի դավադրության հետևանք:

Մի առիթով Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում (http://www.ilur.am/news/view/13982.html#sthash.TB7WlJW1.dpuf)  ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը, սակայն, այս առնչությամբ ասել էր.

«1990 թվականին երկու անգամ Հայաստանում հեղաշրջում կատարելու փորձ արվեց: Առաջինը 1990 թվականի մայիսի 27-ին էր: Մայիսի 20-ին Հայաստանում անցկացվեց Գերագույն խորհրդի ընտրությունների առաջին փուլը, եւ ակնհայտ դարձավ, որ Համազգային շարժումը հաղթում է այդ ընտրություններում:

Մոսկվան սրան փորձեց հակազդել Կայարանի դեպքերով. 1990 թվականի մայիսի 27-ին Շարժման ներկայացուցիչների եւ Սովետական բանակի պարեկի միջեւ Երեւանի երկաթուղային կայարանում փոխհրաձգություն սարքվեց, եւ Նուբարաշենում տեղակայված սովետական զորքերը այդ առիթն օգտագործելով`«մարշ-բրասոկ» արեցին դեպի Երեւան: Զրահատեխնիկան մտավ մայրաքաղաք:

Սակայն մեզ հաջողվեց բանակցությունների միջոցով սովետական զինվորականներին համոզել, բացատրել, որ եթե նրանք շարունակեն իրագործել Երեւանի օկուպացիայի ծրագիրը, հակազդեցությունը կլինի մեծ, կոշտ եւ կունենա անկանխատեսելի հետեւանքներ, եւ մի քանի օրում իրավիճակը հաջողվեց հաղթահարել, չնայած սովետական բանակը մի քանի օր զրահատեխնիկայով շրջափակել էր Ազատության հրապարակը:

Եթե իրադարձությունները զարգանային ԿԳԲ-ԳՌՈՒ-ի սցենարով, դա կարող էր բերել ընտրությունների երկրորդ փուլի վիժեցմանը և հարցականի տակ դնել ընտրությունների արդյունքներն ամբողջությամբ»:

Թե ով  որքանով  էր  մեղավոր, ժամանակը ջրի  երես կհանի  մի օր, իսկ մեզանից  պահանջվում  է  պատմությունից  դասեր քաղենք, բայց  արի ու տես, որ չենք քաղում….

 

Հ.Գ.

«Մեր ճակատագիրը մեր ձեռքում է: Յուրաքանչյուր հայ մարդ Մարտակերտից մինչև Նոյեմբերյան ու Լոս Անջելես պիտի իրեն պատասխանատու զգա այս պատերազմի համար ու իմանա, թե հարկ եղած դեպքում ինչ պիտի անի: Մեր հավաքական կամքն ու դիմադրողականությունը պիտի մեծացնենք, փրկությունը դա է: Մեզ ավելի մեծ փորձություններ չեն սպասվում, քան արդեն ունեցել ենք»: Վազգեն  Սարգսյան

Մարիամ  ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ի դեպ, տեսանյութը  փորձագետ Սամվել  Մարտիրոսյանի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում